շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շվեյցարացի խորհրդարանականներին են ներկայացվել ԼՂ հիմնախնդիրը և 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները

Շվեյցարացի խորհրդարանականներին են ներկայացվել ԼՂ հիմնախնդիրը և 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները

Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահների հրավերով հունիսի 6-9-ը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մարիա Կարապետյանը և Բաբկեն Թունյանն աշխատանքային այցով եղել են Շվեյցարիայի Համադաշնությունում:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համատեղ կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Ընդունելությանը ներկա են եղել Շվեյցարիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, քաղաքացիական հասարակության և շվեյցարահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բանախոսները բարձր են գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված երկկողմ հարաբերությունները, խոսել են համատեղ կատարված աշխատանքի և նախանշված ծրագրերի մասին, ներկայացրել Հայաստանի առաջնահերթությունները:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ աշխատանքային հանդիպումներ են ունեցել Շվեյցարիայի Պետական խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վերներ Զալցմանը, իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարլո Սոմարուգան, քաղաքական կառույցների հանձնաժողովի նախագահ Մաթիաս Ձոպֆին, Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) քաղաքական կառույցների հանձնաժողովի նախագահ Մարկո Ռոմանոն, արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Հանս-Փեթեր Պորտմանը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Դամիան Կոտիեն:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը, և մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Շվեյցարացի խորհրդարանականներին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները: Զրույց է ծավալվել նաև Շվեյցարիայում ուղղակի ժողովրդավարության կազմակերպման ու իրականացման իրավական մեխանիզմների և գործառույթների շուրջ:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն առանձին աշխատանքային հանդիպում են ունեցել Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահների հետ:

  • Կիսվել: