Շուրջ մեկ տարի է՝ ՀՀ-ում գործում է Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովը. ովքե՞ր կարող են դիմել, ի՞նչ խնդիրներ են այնտեղ քննվում
Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ լրագրողների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Հիբրիդային այս հանդիպումը լրագրողների համար հնարավորություն է ծանոթանալու բուժաշխատողնորի էթիկայի հայաստանյան հանձնաժողովի գործունեությանը, ինչպես նաև նմանօրինակ եվրոպական հանձնաժողովների փորձին։
Մեր երկրում շուրջ մեկ տարի է, ինչ գործում է Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի հանձնաժողովը, որին կարող են դիմել թե պացիենտները, թե բուժաշխատողները, որոնք կարծում են, որ բուժաշխատողը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները։
Անկախ անդամներից կազմված այս հանձնաժողովում քննվում են միայն այն խնդիրները, որոնք վարչական կամ քրեական պատասխանատվություն չեն ենթադրում, բայց հանձնաժողովի որոշման արդյունքում բուժաշխատողը ոչ միայն կարող է նկատողություն ստանալ, այլև հնարավոր է ընդհուպ որոշ ժամանակով կասեցվի նրա գործունեությունը։
Իրազեկման հանդիպումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում։