Շիրակի մարզում մերկասառույցի պատճառով մեքենան կողաշրջվել է. կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ժամը 17:25-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 22-ամյա Ավետիս Մ.-ն իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 36 AM 918 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանիդպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ավետիս Մ.-ն և նրա ուղևոր, 22-ամյա Լիաննա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ օպերատիվ են գործել բժիշկները և վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հարություն Հարությունյաի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպայանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Դավթյանի գլխավորությամբ: