Շիրակի մարզպետը հետևել է միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հետևել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ118+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ազատան բնակավայրի մոտով։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Այժմ ընթանում են 5.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմքերի կառուցման և ասֆալտապատման աշխատանքները։ Մինչ այդ կատարվել են գոյություն ունեցող ծածկի քանդման, հողային, արհեստական կառուցվածքների նորոգման, ֆրեզավորման աշխատանքներ։
Շինարարությունն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
Մարզպետը կարևորել է աշխատանքների որակով ու հնարավորինս արագ իրականացումը։
Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 1 մլրդ 260 մլն դրամ է, որն հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։


