ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շատ բաներ փոխվեցին եւ ես գտա անհրաժեշտությունը, որ գամ ԵՊՀ. Հովհաննես Հովհաննիսյան

Շատ բաներ փոխվեցին եւ ես գտա անհրաժեշտությունը, որ գամ ԵՊՀ. Հովհաննես Հովհաննիսյան

Չեմ կարող ասել, թե ովքեր են դեմ քվեարկել, ես ներսում չեմ եղել քվեարկության ժամանակ, որովհետեւ դրա իրավունքը չունեի: Այս մասին այսօր ԵՊՀ ռեկտոր ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նշենք, որ նա միակ թեկնածուն էր, ստացել էր 19 կողմ եւ 5 դեմ ձայներ:

Հովհաննիսյանի խոսքով, Հոգաբարձուների խորհրդի նիստն անցել է բավականին լավ մթնոլորտում, եղել են բազմաթիվ հարցեր, ելույթներ, հնչել են պատասխաններ:

Հարցին, թե ինչ հարցեր են տրվել իրեն նախքան ընտրությունը, նորընտիր ռեկտորը պատասխանեց. «Շատ տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ԵՊՀ-ի ապագային, ԵՊՀ-ի աշխատակազմին, ինչպես եմ պատկերացնում նոր կրթական ծրագրերը, կրթության որակի բարելավումը, աշխտակիցների պյմանների բարելավումը, ինչ ռեֆորմներ եմ պատրաստվում անել:

Բուհի զարգացման հետ կապված բավական մեծ ու համալիր քայլեր կան անելու՝ սկսած կրթական ծրագրերից, ծրագրային հավատարմագրում անցնելուց, լաբորատորիաներ հիմնելուց: ԵՊՀ-ն դեռ շատ ասելիքներ ունի եւ կասի»:

Հարցին, թե ինչու ռեկտորի թեկնածու չգրանցվեց Արծվիկ Սահակյանը, նա պատասխանեց. «Ըստ կանոնակարգի կա գրանցամատյան, որտեղ ամենօրյա ռեժիմով գրանցվում են թեկնածուները: Հստակ հայտարարության մեջ նշված էր օր եւ ժամկետ, երբ է վերջնաժամկետը փաստաթղթերի ներկայացման: Վերջնաժամկետից հետո են ստացվել Արծրունի Սահակյանի փաստաթղթերը, ըստ այդմ, գրանցամատյանում չէր կարող գրանցվել»:

Դիտարկմանը, որ ժամանակին ինքը հայտարարում էր, որ չի հավակնում ԵՊՀ ռեկտորի պաշտոնին, ի՞նչ է փոխվել, նա արձագանքեց. «Ժամանակին, երբ ինձ հարցնում էինք՝ դուք հավակնո՞ւմ եք ռեկտորի պաշտոնին, ես պատասխանել եմ, որ այս պահին նման պլան չկա: Դա եղել է 2 տարի առաջ: Հետագայում պլանները փոխվել են: Շատ բաներ փոխվեցին եւ ես գտա անհրաժեշտությունը, որ գամ ԵՊՀ: Կարծում եմ՝  այս 4 ամսվա իմ աշխատանքի ընթացքում ապացուցել եմ հօգուտ ԵՊՀ-ի, որ իմ այստեղ լինելը բավական բարձրացնելու է ԵՊՀ-ի վարկն ու հեղինակությունը: Այդ մասին են վկայում տարբեր աշխատակիցներ թե պրոֆեսորադասախոսական կազմում, թե վարչական ապարատում:

Հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին ես արժանանում եմ, այո, կարելի է ասել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը բավականին լավ է տրամադրված։ Ես ինքս եմ լավ տրամադրված: Իրենք եւս տեսել են, որ իմ ջանքերն ուղղված են իրենց միջավայրը բարելավելուն, լավացնելուն»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե շարունակելո՞ւ է հայագիտության եւ հայ եկեղեցու դեմ արշավը, որն սկսել է այս իշխանությունը, նորընտիր ռեկտորը կարճ արձագանքեց. «Երբեւէ հայագիտության ու հայ եկեղեցու դեմ արշավ չի եղել»:

  • Կիսվել: