երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը պետք է ապացուցի, որ Սուքիասյանի արտահայտությունները արատավորում են իր պատիվը. հայտարարություն

Սերժ Սարգսյանը պետք է ապացուցի, որ Սուքիասյանի արտահայտությունները արատավորում են իր պատիվը. հայտարարություն

Երեկվանից լրատվամիջոցներով շրջանառվում է խեղաթյուրված տեղեկություն այն մասին, որ Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի քաղաքացիական գործով 17.01.2022 թվականին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանը պարտավորեցրել է Խաչատուր Սուքիասյանին ապացուցել, որ Սերժ Սարգսյանը խաղատներում պարտվել է 100.000 ԱՄՆ դոլար գումար, ինչն արդյունք է դատական նիստի ընթացքը կոնտեքստից կտրված ներկայացնելու: Այս մասին գրել է Սուքիասյանի փաստաբան Աննա Տոնոյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

"Դատարանն ապացուցման բեռը բաշխել է հետևյալ կերպ.

Հայցվորը՝ Սերժ Սարգսյանը, պարտավոր է ապացուցել, որ

1. Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունները փաստացի տվյալներ են,

2. որ այդ տվյալներն իրականում արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը,

3. Այդ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակայնորեն։

Պատասխանողը՝ Խաչատուր Սուքիասյանը, պարտավոր է ապացուցել, որ արտահայտությունները կատարվել են՝ ելնելով գերակա հանրային շահից:

ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, երբ Հայցվորը կապացուցի դատարանի որոշած հանգամանքը, իսկ Դատարանը կհանգի եզրակացության, որ այդ արտահայտություններն իրենցից չեն ներկայացնում գնահատողական դատողություններ, արատավորել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, ներկայացվել են հրապարակայնորեն, և առկա չէ գերակա հանրային շահ, Խաչատուր Սուքիասյանի համար կառաջանա պարտականություն՝ ապացուցելու, որ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվելա, այդ թվում նույն Բադեն Բադենում» արտահայտությունը համապատասխանում է իրականությանը։

Ի դեպ՝ այստեղ արտառոց ու մեզ համար անսպասելի ոչինչ չկար, և մենք ի սկզբանե էլ շեշտել ենք, որ անկախ նրանից՝ պարոն Սուքիասյանի արտահայտություններն իրականությանը համապատասխանում են, թե՝ ոչ, դրանք իրենցից ներկայացնում են գնահատողական դատողություններ, չեն արատավորում հայցվորի պատիվն ու բարի համբավը, չեն կատարվել հրապարակայնորեն, և դրանց հրապարակումը գերակա հանրային շահի շրջանակներում է, հետևաբար պարոն Սուքիասյանի համար չեն կարող առաջացնել որևէ պատասխանատվություն":

  • Կիսվել: