Վրաստանը կսահմանափակի իրանական ավիաընկերությունների թռիչքները
Վրաստանը սահմանափակումներ կկիրառի իրանական այն ավիաընկերությունների նկատմամբ, որոնք հայտնվել են ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում։ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունից հայտնել են, որ երկիրը կշարունակի ամբողջությամբ պահպանել միջազգային պատժամիջոցների ռեժիմը, այդ թվում՝ ավիացիայի ոլորտում։
ԱՄՆ-ն սեպտեմբերի 8-ին պատժամիջոցներ էր սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի 27 ավիաընկերությունների նկատմամբ՝ պնդելով, որ Իրանի իշխանություններն ավիացիոն ոլորտն օգտագործում են զենքի, անձնակազմի և անօրինական բեռների տեղափոխման համար։
Վրաստանի ավիացիոն գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված ավիաընկերություններից մի քանիսը ներկայումս թռիչքներ են իրականացնում Վրաստանի և Իրանի միջև։ Թբիլիսին հայտարարել է, որ դրանց գործունեության նկատմամբ կկիրառի համապատասխան սահմանափակումներ։



