ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Սանավիացիայի ուղղաթիռով ռուս լրագրողը տեղափոխվեց «Էրեբունի» ԲԿ (տեսանյութ)

Սանավիացիայի ուղղաթիռով ռուս լրագրողը տեղափոխվեց «Էրեբունի» ԲԿ (տեսանյութ)

Երեկ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս ռազմական վերլուծաբան, լրագրող Յուրի Կոտենոկը սանավիացիայի ուղղաթիռով այսօր տեղափոխվել է Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ:

Նա ստացել է կրծքավանդակի բեկորային վնասվածքներ, կորցրել է մեծ քանակությամբ արյուն: Արյունահոսությունը դադարեցնելու նպատակով Արցախում կատարվել է թոքի վիրահատություն: Բացի այդ, մարմնի տարբեր մասերից՝ մասնավորապես վերջույթներից հեռացվել են բազմաթիվ բեկորներ:

«Էրեբունի» ԲԿ տեղափոխվելուց հետո կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, ինչից հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարք:

Ինչ վերաբերում է մյուս երկու ռուսաստանցի լրագրողներին, նրանք եւս տեղափոխվել են «Էրեբունի»ԲԿ, երեկ երկուսն էլ վիրահատվել են Ստեփանակերտում, քանի որ նրանք եւս ստացել են բազմաբեկորային վնասվածներ: Երկուսին էլ կատարվել են նախաբազկի վիրահատություններ, մարմնի տարբեր հատվածներից հեռացվել են բեկորներ:

Այսօր «Էրեբունի» ԲԿ-ում բժիշկները կատարել են վերքերի երկրորդային վիրաբուժական մշակում: Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք արդեն տեղափոխվել են Մոսկվա:

  • Կիսվել: