չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սամվել Վարդանյանի հանդեպ վրեժխնդրությունը ծայրագույն վտանգավոր իրողություն է․ «Միասին» շարժում

Սամվել Վարդանյանի հանդեպ վրեժխնդրությունը ծայրագույն վտանգավոր իրողություն է․ «Միասին» շարժում

Գործող վարչախումբը Հայաստանը հետևողականորեն վերածում է բռնապետության․ «թավշյա, ոչ բռնի» հեղափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կուսակցությունն իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դարձրեց քաղաքացիներին պատժելու, ընդդիմադիրներից վրեժ լուծելու գործիք։ Այս մասին ասված է «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդի տարածած հայտարարությունում․

«Հանրային պարսավանքի  փորձ ձեռնարկած ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի հանդեպ իրականացված բացարձակ ապօրինի հաշվեհարդարը, որի ուղղակի մասնակիցը դարձան ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, վերջնականապես ապացուցեց, որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարության, այլ  բռնապետության միջնաբերդ է, որտեղ օրվա իշխանությունն անպատիժ ոտնահարում է ՀՀ օրենքները, իշխանության տարբեր թևերի տարանջատման սկզբունքը՝ զրկելով ՀՀ քաղաքացիներին իրենց իրավունքների պաշտպանության բոլոր լծակներից։

Հայաստանում տևական ժամանակ է, ինչ կալանքը դարձել էր քաղաքական և հասարակական ընդդիմադիրներին կոտրելու, վախի և ահաբեկման մթնոլորտ ձևավորելու միջոց, որի օգնությամբ ՏԻՄ ընտրություններում ժողովրդի քվեն ստացած ընդդիմադիրներից խլվում է օրինական իշխանությունը, քաղաքական հակառակորդները զրկվում են ազատ տեղաշարժվելու և հանրային գործունեություն ծավալելու ժողովրդավարական իրավունքներից։ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը կայացած փաստ է, բայց այժմ դրան ավելացավ ամոթալի ապօրինության մի նոր և առավել վտանգավոր դրսևորում․ քաղաքամայր Երևանում դիմակավորված հանցագործների խումբ է հայտնվել, որն ապօրինաբար առանց դատարանի դատաստան ու պատժիչ գործողություններ է իրականացնում անպաշտպան ՀՀ քաղաքացու հանդեպ՝ նսեմացնելով նրա արժանապատվությունը։

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը Սամվել Վարդանյանի հանդեպ իրականացված բանդիտական վրեժխնդրությունը գնահատում է որպես ծայրագույն վտանգավոր իրողություն, որը պետք է անհապաղ կանխվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միահամուռ ջանքերով։ ՀՀ սահմանադրության 1-ին գլխի Հոդված 1-ինը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ 2-րդ հոդվածով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին պաշտպան կանգնել իրավական պետությանը և ՀՀ քաղաքացու հիմնարար իրավունքներին։ Միասին վերադարձնենք իրավունքի գերակայությունը, կանխենք իշխանության անպատժելիության հաստատումը։

Մենք ի զորու ենք»:

  • Կիսվել: