կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Սահմանամերձ համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած բեմադրությունը

Սահմանամերձ համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած բեմադրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանու ներքո դեկտեմբերի 11-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սահմանամերձ մի շարք համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը: «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեղինակային հեքիաթաշարը՝ «Դետեկտիվ Ալենը», արդեն իսկ շատ երեխաների սիրված ներկայացումներից է:

Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ողջույններն էր փոխանցել Ալենի ընտանիքի անդամներին՝ նշելով, որ հերոսացած տղայի ստեղծագործություններն ապրում են ու առաջին իսկ ծանոթությունից դիպչում են մարդկանց սրտերին:

Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ՀՀ ԱԺ-ի հետ համագործակցությունը լավ սկիզբ է համարում: Նա նպատակ ունի ներկայացումը տանել մարզեր՝ ավելի շատ երեխաների հնարավորություն ընձեռելով այն դիտելու: Նազելի Տերտերյանի խոսքով դա կլինի Ալենի նվերը մանուկներին: ««Դետեկտիվ Ալենի» հերոսը հենց ինքն է»,-նշել է տիկին Նազելին՝ հավելելով, որ Ալենը վաղ տարիքում հետախույզ դառնալու ցանկություն է ունեցել:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի խոսքով 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի պատմությունը հուզել էր բոլորին. «Ցավում եմ, որ նման տաղանդավոր երիտասարդն այսքան վաղ տարիքում է մեզ լքել, սակայն ուրախ եմ, որ կարճատեւ կյանքի ընթացքում հասցրել է թողնել իր ուրույն հետքը, որի ապացույցներից էր նաեւ այսօրվա ներկայացումը»,-նշել է Մարիամ Մարգարյանը:

Հերոս Ալեն Մարգարյանի՝ վաղ տարիքում գրված հեքիաթները տպավորում են խորությամբ եւ տարիքին ոչ բնորոշ հասունությամբ: «Հնարավոր է… Ցանկացած բան հնարավոր է, եթե շատ ուզենաս: Հավատա, ու քո երազանքները կիրականանան, ջանք գործադրիր, սովորիր, կարդա, ու ամեն ինչ կստացվի»,-գրել է պատանի հեղինակը՝ հետագա իր գործերն ու ամբողջ կյանքը կառուցելով գրքերի եւ գիտելիքների հիմքի վրա:

Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով ներկայացումը կունենա երկար կյանք: Նա հույս է հայտնել, որ վերոնշյալ բեմադրությամբ կմասնակցեն նաեւ միջազգային փառատոնների: Խոսելով մարզերից ժամանած երեխաների ոգեւորության ու տպավորությունների մասին՝ Ռուբեն Բաբայանն ընդգծել է, որ թատրոնի համար դրանից ճիշտ բան չկա, որովհետեւ այդ շփումը հարստացնող է:

Տիկնիկային թատրոնի՝ դեկտեմբերի 11-ի ամբողջ օրվա խաղացանկը տրամադրվել էր Ազգային ժողովին: Այն դիտել է շուրջ 300 երեխա:

 

  • Կիսվել: