չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Սահմանամերձ Դեղձավանում տեղական ձիթապտղից չռաֆինացված ձիթապտղի յուղ կարտադրեն

Սահմանամերձ Դեղձավանում տեղական ձիթապտղից չռաֆինացված ձիթապտղի յուղ կարտադրեն

Սահմանամերձ Դեղձավանում շուտով ՀՀ-ում առաջին անգամ կստանան տեղական ձիթապտղից առաջին կարգի չռաֆինացված (չզտված) ձեթ։ Դեղձավանցի Արուս Ղազարյանը որոշեց թողնել մանկավարժությունը և զբաղվել հարազատ համայնքի զարգացմամբ՝ հիմնելով իր բիզնեսը։ Նա արտադրում է կոմպոտներ, մուրաբաներ։ Ասաց՝ առաջին անգամ ինքն է շուկա հանել փաթեթավորված տարբերակով տեղական ձիթապտուղը։ Արուս Ղազարյանը «ԳանՁոր» տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) կառավարման խորհրդի անդամ է։ Aravot.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց՝ ՏԱԽ-ի ընձեռած հնարավորության շնորհիվ առաջին անգամ արտադրելու է չռաֆինացված ձիթապտղի յուղ։ Գրում է «Առավոտ»-ը։

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում՝ «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) մեթոդաբանությանը համահունչ ՀՀ մարզերում ստեղծվել են տեղական հինգ ակտիվ խմբեր՝ «Տաշիր +», «Լոռվա Ձոր», «ԳանՁոր», «Աղստևի հովիտ» և «Ծիլի Ծով»։ Ծրագիրը կնպաստի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչը կհանգեցնի կյանքի որակի բարելավմանը Տավուշի և Լոռու մարզերի համայնքներում և բնակավայրերում՝ տեղի բնակչության, ներառյալ փոքրամասնությունների ու խոցելի խմբերի, բիզնես համայնքի և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ և ներգրավմամբ: Խմբերը ստեղծվել են՝ հիմնվելով տարածքային ներառական զարգացման սկզբունքի և տեղական հանրային ու մասնավոր հատվածի, քաղհասարակության ներկայացուցիչների գործընկերության վրա։ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից,  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գործընկերությամբ ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Ծրագիրն աշխատում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։

ՏԱԽ-երի կողմից հայտարարված դրամաշնորհները համայնքի բնակիչներին թույլ են տալիս նաև զարգացնել սեփական բիզնեսը։ Արուս Ղազարյանն իր փորձառության մասին պատմեց․ «Մենք ձեռք կբերենք սարքավորում, որի միջոցով ի զորու կլինենք մրգերի կորիզներից ստանալ եթերայուղեր․ դա կլինի նորարարական մոտեցում։ Այդպիսով կգրավենք նաև զբոսաշրջիկներին․ նրանք հնարավորություն կունենան գալ ու համտեսել, մանավանդ գյուղում մենք չունենք պատմամշակութային հուշարձաններ։ Եթերայուղերի ստացումից առաջացած մնացորդները կօգտագործենք կերարտադրության մեջ։ Այսինքն՝ դա կլինի խելացի մոտեցում և մրգի ամբողջական մշակում»։ Նա նշեց, որ ՏԱԽ-ի ֆինանսավորումից բացի կլինի նաև իրենց ներդրումը, որը շատ կարևոր է համայնքի զարգացման համար․ «ՏԱԽ-ի գաղափարներից ելնելով՝ ես համագործակցելու եմ Լոռու և Տավուշի օղի թորողների հետ․ նրանցից գնելու եմ կորիզները, որպեսզի պահպանենք թե՛ բնության մաքրությունը, թե՛ ունենանք նոր մոտեցում․ Երկրորդական հումքից ստանանք բարձրարժեք եթերայուղեր։ Որպես երիտասարդ բնակիչ՝ ցանկանում եմ իմ գյուղում մի լավ բան անել։ Հուսամ՝ կդառնամ օրինակ, և երիտասարդ կանայք ինձ նայելով միգուցե իրենք էլ որոշեն սկսել իրեն գործունեությունն իրենց համայնքում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: