ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակույթի կենտրոնը տոնել է վերաբացման 4-ամյակը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակույթի կենտրոնը տոնել է վերաբացման 4-ամյակը

Ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի  դեսպանության շքասրահում տեղի է ունեցել դիվանագիտական ներկայացուցչության ներքո գործող մշակույթի կենտրոնի վերաբացման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը։

Երեկոն մեկնարկել է մշակույթի կենտրոնի պատմությանն ու վերաբացումից ի վեր գործունեությանը նվիրված տեսանյութի ցուցադրմամբ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորել է մշակույթի կենտրոնի գործունեությունը, որն ուղղված է Ռուսաստանում հայկական մշակույթի հանրահռչակմանը։

«Վերաբացված մշակույթի կենտրոնը կարողանում է մեր օրերում մեծ հաջողությամբ կյանքի կոչել իր առջև դրված պատասխանատու առաքելությունը, այն է՝ պահպանել հարուստ մշակութային ժառանգությունը, ներկայացնել այն հանրային լայն շրջանակներին և բազմապատկել այս պատերի ներքո սկիզբ առած լավագույն ավանդույթները»,- ասել է Վաղարշակ Հարությունյանը։

Մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, ելույթ ունենալով միջոցառմանը, ներկայացրել է կենտրոնի նոր հայեցակարգն ու խոսել ապագա նախաձեռնությունների մասին։

Երեկոն շարունակվել է ՌԴ վաստակավոր արտիստ Վյաչեսլավ Օլխովսկու, Moscow Classic Ensemble նվագախմբի և կենտրոնի ստեղծագործական խմբերի ելույթներով։

 

  • Կիսվել: