ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննչական կոմիտեում կազմակերպվել է հերթական սեմինար-դասընթացը

Քննչական կոմիտեում կազմակերպվել է հերթական սեմինար-դասընթացը

ՀՀ Քննչական կոմիտեում անցկացվել է հերթական սեմինար-դասընթացը՝ «Ապացույցները և ապացուցումը՝ ըստ նոր քրեական դատավարության օրենսգրքի. գաղտնի քննչական գործողությունները և դրանց առանձնահատկությունները» թեմայով:

Դասընթացը վարելու համար հրավիրվել է  ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Մելքոնյանը, ով միաժամանակ հանդիսանում է նաև ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի համահեղինակներից մեկը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հանձնարարականի շրջանակներում Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից կազմակերպված թվով 8-րդ սեմինարին մասնակցել են Կոմիտեի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների քննիչներ:

Բացի դասընթացի թեմայից, հիմնական բանախոս Դավիթ Մելքոնյանի կողմից հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել են  նաև սույն թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթներին վերաբերող կարգավորումները։

Դասընթացի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել է նաև քննիչներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ։

Հիշեցնենք, որ հիշյալ դասընթացների հիմնական նպատակային շեշտադրումներն են կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև՝ այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում և տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելուն ուղղված ուսուցողական նյութերի մատուցումը մասնակիցներին:

 

  • Կիսվել: