ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քննարկում՝ Վայոց ձորի մարզում էլեկտրամատակարարման ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ

Քննարկում՝ Վայոց ձորի մարզում էլեկտրամատակարարման ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ

Մայիսի 8-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպում է անցկացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ՝ տնօրենի տեղակալ Հարություն Ավետիքյանի, ընկերության «Արաքս» (Արարատի և Վայոց ձորի մարզեր) մասնաճյուղի գլխավոր ինժեներ Գագիկ Հակոբյանի և «Եղեգնաձոր» էլեկտրացանցի պետ Գագիկ Սմբատյանի հետ:

Քննարկումները վերաբերում էին Վայոց ձորի մարզի տարածքում էլեկտրամատակարարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերին: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, ղեկավարների տեղակալներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, գործարարներ, մասնագետներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը բարձր է գնահատել նման ձևաչափով հանդիպումների և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ այսօրինակ հարթակի կարևորությունը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում ապահովել ոլորտին վերաբերող տարաբնույթ խնդիրների օպերատիվ վերհանումը և արագ արձագանքումը:

Համայնքների, վարչական միավորների ներկայացուցիչների և գործարարների կողմից հնչել են տարաբնույթ հարցեր, բարձրացվել են խնդիրներ, որոնք գլխավորապես առնչվում էին հենասյուների, հաղորդալարերի փոխարինման և նոր ենթակայանների կառուցման անհրաժեշտությանը:

Խնդիրները պայմանականորեն դասակարգվել են առաջնային, երկրորդային և երրորդային կարևորության, որոնց հասցեագրման ժամանակ առաջնահերթություն կտրվի սահմանակից բնակավայրերին՝ հաշվի առնելով աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Հարություն Ավետիքյանը ներկայացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի առաջնահերթություններն ու գերակայությունները, անդրադարձել առաջիկա վերանորոգման ծրագրերին, որոնց շրջանակներում կիրականացվեն նաև Վայոց ձորում նախատեսված վերանորոգման աշխատանքները:

  • Կիսվել: