Pullman Yerevan-ը ապրելակերպի նոր չափանիշներ է ներդնում Հայաստանում
2027 թվականի դեկտեմբերին Երևանի Նորքի Այգիներ 180 հասցեում շահագործման կհանձնվի Հայաստանում նախադեպը չունեցող Pullman Living and Residences Yerevan պրեմիում դասի բնակելի համալիրը և ներդրումային բնակարանները՝ շրջապատված սաղարթախիտ այգիներով, սեփական մարզահրապարակներով ու վազքուղիներով, լողավազաններով ու ժամանցի վայրերով։ Այս ամենը՝ համադրված բարձրակարգ հյուրանոցային սպասարկմամբ, ապրելակերպի նոր նշաձող է սահմանում Հայաստանում։ Համալիրի գաղափարից մինչև իրագործում ընկած բարդ ճանապարհի, այդ ճանապահին աշխարհահռչակ Pullman ընկերության հետ համագործակցության մասին InfoPort.am-ը զրուցել է «Տեխնոտուն» ՍՊԸ տնօրեն Տիգրան Մնացականյանի հետ։
Պ-ն Մնացականյան, ինչու՞ և ինչպե՞ս որոշվեց Երևանում իրականացնել Pullman Living and Residences Yerevan մասշտաբային նախագիծը: Արդյո՞ք ռիսկային չէր նման մասշտաբի պրոյեկտ իրականացնել հայաստանյան անշարժ գույքի շուկայում։
-Սկսենք նրանից, որ սա մեր ընկերության երկրորդ պրոյեկտն է Երևանում։ Եվ երբ մենք որոշեցինք ձեռնամուխ լինել երկրորդ նախագծի իրականացմանը, մենք հասկացանք, որ ուզում ենք ստեղծել բոլորովին այլ որակի, այլ չափանիշներին համահունչ մի կոնցեպտ։ Միջազգային մակարդակի այս նախագծի իրագործումը հաջողվեց աշխարհահռչակ Pullman ընկերության հետ համագործակցության շնորհիվ։
Դժվար չէ՞ր Pullman-ի նման հեղինակավոր ընկերությանը բերել Հայաստան։
-Անկեղծ լինեմ, այս ուղղությամբ ընկերության հետ մենք բանակցել ենք շուրջ վեց ամիս։ Սակայն մենք մեր առաջարկը կարողացանք փաստարկել, ներկայացրեցինք նաև տվյալներ հայաստանյան անշարժ գույքի շուկայի, տնտեսության ստաբիլ աճի, ներդրումային միջավայրի ապահովության վերաբերյալ։ Ի վերջո՝ բանակցությունները պսակվեցին հաջողությամբ և այսօր Pullman-ը իր անվամբ ներկայացված է Հայաստանում։ Դա մեծ ձեռքբերում է, թե՛ երկրի իմիջի համար, թե՛ անշարժ գույքի շուկայի, թե՛ ներդրումային միջավայրի բարելավման և թե՛ տուրիզմի զարգացման տեսանկյունից։
Պ-ն Մնացականյան, կներկայացնե՞ք, ինչու՞մն է Pullman Yerevan-ի առանձնահատկությունը, ինչո՞վ է այն տարբերվում հայաստանյան անշարժ գույքի շուկայի պրեմիում սեգմենտի այլ առաջարկներից։
- Pullman Yerevan-ը նոր խոսք է երևանյան անշարժ գույքի շուկայում։ Սա նոր կոնցեպտ է, որը իր գնորդներին առաջարկում է պրեմիում դասի բնակարաններ՝ բարձրակարգ հյուրանոցային սպասարկմամբ։ Մեր նպատակն է՝ առաջարկել մեր գնորդներին կենցաղի և ապրելակերպի նոր որակ, նոր նշաձող։ Այսպիսով՝ մենք մեր ապագա բնակիչներին փորձում ենք ազատել առօրյա կենցաղային հոգսերից՝ նրանք ապրելու են իրենց շքեղ բնակարաններում՝ ստանալով հինգ աստղանի հյուրանոցներին համահունչ ծառայություններ։ Ի դեպ նշեմ, որ սա ողջ աշխարհում Pullman-ի կողմից իրականացվող երրորդ նմանատիպ նախագիծն է։
Կմանրամասնե՞ք, ի՞նչ է իրենից ներկայացնելու Pullman Living and Residences Yerevan-ը։
- Pullman Living and Residences Yerevan-ը բաղկացած է չորս մասնաշենքից՝ որոնցից մեկը լինելու է երկարաժամկետ կացության համար նախատեսված հինգ աստղանի հյուրանոց, մնացյալը՝ պրեմիում դասի բնակարաններ։ Նախ նշեմ, որ Pullman Yerevan-ին հատկացված 20 հազար քառակուսի մետր տարածքից կառուցապատվում է միայն 4 հազար քառակուսի մետրը՝ այսինքն ընդամենը 20%-ը։ Իսկ մնացյալ 16 հազար քառակուսի մետրը լինելու են կանաչապատ և ընդհանուր օգտագործման տարածքներ։ Ընդ որում՝ կանաչապատ տարածքների մակերեսը կազմում է շուրջ 13 հազար քառակուսի մետր:
Lինելու է 70 մ երկարությամբ ինֆինիթի լողավազան, որը տարածաշրջանում գործող լողավազաններից ամենաերկարն է լինելու, բացի դրանից լինելու է առանձին մանկական լողավազան, լողավազանների մոտ իրականացվելու է պարտադիր փրկարարական հերթապահություն։ Բացօդյա տարածքում լինելու են նաև հեծանվուղի, վազքուղիներ, տարբեր սպորտաձևերի մարզադաշտեր։
Համալիրի ներսում լինելու են մանկական ժամանցի սենյակներ, 1200 քառակուսի մետր տարածքով SPA-զոնա (լողավազաններ, համամ, սաունա, աղի սենյակներ)։ Ունենալու ենք նաև 500 քառակուսի մետր տարածքեվ մարզասրահ, ռեստորան, սրճարան, բար, գեղեցկության սրահ, խանութ, դեղատուն, կոնֆերանս-սրահներ, co-working գոտի։
Համալիրը ապահովված է լինելու բնակիչների, հյուրերի և սպասարկող անձնակազմի համար առանձնացված ընդարձակ ավտոկայանատեղիներով։ Բնականաբար, կգործի նաև valet-parking։
Համալիրը ունի նաև սեփական անվտանգության ծառայություն։
Այս հնարավորությունների մեծ մասից համալիրի բնակիչները օգտվելու են անվճար։ Նրանք միայն վճարելու են համալիրի սպասարկման վարձը և կոմունալ վճարները։ Իսկ վճարովի ծառայությունների համար նրանք ունենալու են ճկուն զեղչեր։
Այն ապահովված է էլեկտրամատակարարման սեփական համակարգով՝ 5 Մվտ հզորությամբ գեներատորներով, ինչը հնարավորություն կտա ունենալ անխափան էլեկտրամատակարարում, նույնիսկ կենտրոնական համակարգի վթարների ժամանակ։ Համալիրն ունի նաև սառը ջրի սեփական ռեզերվուարներ։
Համալիրն օժտված է յուրահատուկ ինժեներական լուծումներով՝ ունի օդի մաքրման կենտրոնացված համակարգ, որը բնակարանները և հյուրանոցային համարները շուրջօրյա ռեժիմով ապահովում է մաքուր սենյակային ջերմաստիճանի օդով։ Ջեռուցման համակարգը թեև կենտրոնցված է, սակայն այն նախագծված է այնպիսի յուրահատկությամբ, որ յուրաքանչյուր բնակիչ կամ հյուրանոցի այցելու կարող է իր սեփական բնակարանից կամ համարից կառավարել այն։ Այսինքն՝ համալիրի բնակիչները և այցելուները կարող են իրենց նախասիրությամբ սահմանել իրենց տարածքի ջերմաստիճանը տարվա ցանկացած եղանակի։
Համալիրը օժտված է նաև հրդեհանվտանգության կատարյալ համակարգով։ Pullman-ի չափանիշներին համահունչ՝ բոլոր բնակարանները՝ հրդեհային անվտանգության նկատառումներից ելնելով, ապահովված են լինելու երկուական աստիճանավանդակներով։ Շենքն ունի նաև ջրահեռացման սեփական համակարգ։
Շինարարական ողջ աշխատանքները իրականացվում են Pullman բրենդի ստանդարտներով և պահանջներով, կառուցապատման ողջ ընթացքը վերահսկվում է ընկերության կողմից։ Pullman-ը նաև ստանձնելու է համալիրի հետագա կառավարումը՝ իր բարձր չափանիշներին համահունչ։
Ամփոփելով վերոշարադրվածը՝ կարող ենք ասել, որ Pullman-ի հետ համատեղ մենք ապրելակերպի նոր չափանիշներ ենք ներդնում Հայաստանում։
Եթե կոմերցիոն գաղտնիք չէ, կմանրամասնեք, որքա՞ն ներդրում է պահանջվել այս նախագծի իրականացման համար և արդյո՞ք դրանք համատեղ ներդրումներ են, թե՞ կողմերից մեկինը։
-Ներդրումային փաթեթը կազմում է $100 մլն, այն ամբողջովին իրականացնում է հայկական կողմը՝ ի դեմս մեկ ներդրողի։ Pullman-ը միայն աջակցում է ընկերության բարձր չափանիշներին համահունչ կոնցեպտի իրականացմանը և հետագայում իր վրա է վերցնելու համալիրի սպասարկման գործառույթը։
Ովքե՞ր են Pullman Residence Yerevan-ի հաճախորդները, արդյո՞ք արդեն կան գնորդներ։
-Համալիրի բնակֆոնդի շուրջ 50%-ից ավելին արդեն վաճառված է։ Մեր գնորդների մեծ մասը իրենց ժամանակն ու հարմարավետությունն արժևորող մարդիկ են՝ ովքեր կարևորում են որակն ու բարձրակարգ սպասարկումը։
Արդյո՞ք գնորդների շրջանում կան արտերկրի քաղաքացիներ կամ սփյուռքահայեր։
-Գնորդների մի մասը ՀՀ քաղաքացիներ են, մյուս մասը արտերկրացիներ՝ թե սփյուռքահայեր, թե այլազգիներ։ Մեր գնորդների շրջանում կան ՌԴ քաղաքացիներ, եվրոպական երկրների և ԱՄՆ քաղաքացիներ։
Արդյո՞ք թանկ հաճույք է Pullman Living and Residences Yerevan-ում բնակարան ունենալը։
-Թանկը հարաբերական հասկացություն է։ Մեր բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը սկսվում է 1 մլն 750 հազար դրամից՝ կախված բնակարանների հարկային գոտիավորումից։
Դե, միջին վիճակագրական երևանցու համար թանկ է․․․
-Իսկ մեր համալիրի բնակարանների գնորդների համար, հավատացեք՝ ոչ այնքան։ Նրանցից շատերը, իմանալով բնակարաների արժեքը, խոստովանում են, որ նման որակի համալիրի համար, այլն էլ Pullman բրենդի ներքո սպասարկվող, գները բավականին ցածր են։ Pullman բրենդը վստահության ու որակի խորհրդանիշ է ողջ աշխարհում։
Պ-ն Մնացականյան, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, խոշոր բիզնեսը որոշակի սոցիալական պարտավորություններ է ստանձնում երկրի, համայնքի առջև, կասե՞ք, Ձեր ընկերությունը, բացի իր բիզնես պրոյեկտներից, որևէ սոցիալական նշանակության նախագիծ իրականացնու՞մ է։
-Այո, մենք որոշակի ծրագրեր իրականացնում ենք Նորք-Մարաշի համայնքապետարանի և Երևանի քաղաքապետարանի համակարգմամբ։ Վերջերս, օրինակ, մենք մեր միջոցներով՝ «Վեոլիա-Ջուր» ընկերության հետ համագործակցմամբ ամբողջովին փոխեցինք Հովսեփյան և Արմենակյան փողոցների ջրագիծը։ Բացի այդ, մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից Նորքի այգիների վերականգնման շրջանակում համայնքային այգի հիմնելու գործընթացում։ Նախատեսում ենք ամբողջությամբ ասֆալտապատել, գծանշել, նոր մայթեզրերով և լուսավորության նոր համակարգով կահավորել համալիրի հարակից փողոցը։ Իսկ վերգետնյա ենթակառուցվածքային մալուխները և խողովակները փոխարիել ստորգետնյայով։
Ե՞րբ է նախատեսվում վերջնական շահագործման հանձնել Pullman Residence Yerevan-ը։
-Մենք նախատեսում ենք համալիրը վերջնական շահագործման հանձնել 2027 թվականի դեկտեմբերին։
Արդյո՞ք նախանշում եք այս պրոյեկտը ավարտելուց հետո նմանատիպ այլ պրոյեկտ իրականացնել Հայաստանում։
-Այս պահին ասեմ՝ ոչ, քանի որ ամեն հաջորդ նախագիծ պետք է լինի ավելի լավը, քան նախորդը, կամ, գոնե, չզիջի նախորդին։ Այսօր Հայաստանում դեռևս չենք գտել որևէ այլ տարածք կամ վայր, որտեղ կարող ենք իրականացնել նմանատիպ կամ գուցե ավելի լավ կոնցեպտ։ Սակայն, ինչպես ասում են՝ երբեք մի ասա` երբեք։
«Երբեք մի ասա` երբեք»,- թերևս այս խոսքերով ավարտենք մեր հարցազրույցը՝ Հայաստանում ձեր նոր հավակնոտ նախագծերի ակնկալիքով․․․
Շնորհակալ ենք, պ-ն Մնացականյան, հանգամանալից զրույցի համար․․․



