Ծրագրից կարող են օգտվել բոլոր դիմողներն, ովքեր երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում վերադարձել են աշխատանքի. նախարարություն
«Դայակ՝ պետության աջակցությամբ» ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է փոփոխություններ կատարելու մասին նախագիծ՝ տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Առկա կարգավորումներով` ծրագրի շահառուների համար նախատեսված են առաջնահերթություններ, ինչը երբեմն սուբյեկտիվ որոշումների և արդարացի դժգոհությունների տեղիք է տալիս։ Նպատակ ունենալով սոցիալական ծառայությունները դարձնել առավել մատչելի, ինչպես նաև կարևորելով աշխատող մայրերի խրախուսումը՝ նախագծով առաջարկվում է հանել առաջնահերթությունների սահմանումը։
Արդյունքում, ծրագրից կարող են օգտվել բոլոր դիմողները, ովքեր երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում վերադարձել են աշխատանքի։
Ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող է կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ:
Ծրագրի համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ»,- տեղեկացրել է նա ֆեյսբուքի իր էջում։