ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պոլիտեխնիկական համալսարանի այգում կայացավ Atom City` «Ապագայի քաղաք» խորագրով «Գիտության փառատոն»-ը

Պոլիտեխնիկական համալսարանի այգում կայացավ Atom City` «Ապագայի քաղաք» խորագրով «Գիտության փառատոն»-ը

Ս․թ․ հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում արդեն երկրորդ տարին տեղի ունեցավ բացօթյա միջոցառում Գիտության փառատոն Atom City` «Ապագայի քաղաք» խորագրով: Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիան։

Փառատոնի նպատակն է ուսանողների, ինչպես նաև դպրոցահասակ երիտասարդների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման նկատմամբ, ինչպես նաև զարգացնել դրանք ներկայացնելու հմտությունները:

Փառատոնին բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, ով ողջունելով ներկաներին, նշեց, որ Պոլիտեխնիկը ուրախ է երկրորդ անգամ հյուրընկալել «Գիտության փառատոն»-ը։

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը շուտով կբոլորի իր հիմնադրման 90 ամյակը։ Էներգետիկական մասնագիտությունները մեզ համար միշտ եղել են առաջնային։ Այդ առաջնայնությունից ելնելով 1993 թվականից Պոլիտեխնիկական համալսարանում վերաբացվել են ատոմային էներգիայի ուղղվածությամբ մասնագիտությունների կրթական ծրագրերը, որտեղ տարբեր կրթական աստիճաններում դիպլոմավորված մասնագետներ ենք պատրաստում։ Մենք համոզված ենք, որ նման միջոցառումները օգնում են աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Այսօրվա միջոցառման համար ստեղծված են բարենպաստ միջավայր և հետաքրքիր միջոցառումներ, ինչի համար շնորհակալություն ենք ուզում հայտնել բոլոր կազմակերպիչներին և մասնակից ընկերություններին, որոնք ջանք են ներդրել և այսօրվա տոնը դարձրել ամբողջական»,-նշեց Ս․Ասատրյանցը։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի գլխավոր մասնագետ Նունե Ալեքյանի խոսքով նման միջոցառումները շատ կարևոր են երեխաների մասնագիտության ընտրության հարցում «Հուսով եմ, որ մենք կունենանք համապատասխան էներգետիկ ենթակառուցվածքներ, ատոմային էներգետիկայի ոլորտի մասնագետներին աշխատանքով ապահովելու համար»։

Միջոցառմանը ներկա էր նաև Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը, ով նշեց, որ նմանօրինակ միջոցառումները շատ ոգևորիչ են։ «Մեր ապագան գիտության մեջ է և գիտությամբ միայն մենք կարող ենք վերցնել մեր «կտոր մը երկինք»-ը, ինչպես որ հայտնի ֆիլմում է», – ասաց նա։ Նշենք, որ Անի Ապրահամյանն ունի նաև մի շարք ամերիկյան և եվրոպական գիտական ծրագրերի կառավարման փորձ՝ հատկապես միջուկային ֆիզիկայի և իզոտոպների արտադրության բնագավառում։

Հայկական ատոմային էլեկտրակայանի ուսումնավարժական կենտրոնի պետի տեղակալ Ահարոն Մանուկյանն էլ նշեց, որ միջոցառումը կարող է հրաշալի խթան հանդիսանալ ոլորտի մասնագետների պատրաստման հարցում։ «Միջուկային էներգետիկան մեր երկրի տնտեսության զարգացման մեջ կարևոր տեղ ունի և այս միջոցառումը լավ առիթ է երեխաներին և երիտասարդներին մոտիվացնելու համար»,-նշեց նա։

Գիտության փառատոնի այցելուները ապագայի քաղաքում դիտեցին գիտական շոու և մասնակցեցին հետաքրքիր քիմիական փորձերի, կատարեցին ճանապարհորդություն տիեզերքի և ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում:

Փառատոնի մասնակիցները հավաքեցին ռոբոտներ, տեղեկատվություն ստացան, թե ինչպես է արտադրվում էլեկտրաէներգիան և ինչպես է լուսավորվում տունը, գունավորեցին ատոմագործի սաղավարտը և մասնակցեցին զվարճալի խաղերի մոլեկուլային օղականերով։ Նրանք տեղեկատվություն ստացան էներգիայի տարբեր տեսակների մասին, բացահայտեցին կենսաբանության գաղտնիքները, ինչպես նաև տեղեկություն ստացան, թե որ երկրներում կան ատոմակայաններ և այլն։

***

Ռոսատոմն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սերտորեն համագործակցում են կրթական ոլորտում։ Դպրոցականների և ուսանողների համար իրականացվող միջոցառումները Հայաստանում կրում են պարբերական բնույթ և ուղղված են գիտության ու կրթության հանրահռչակմանը։ «Look around» փառատոնը Երևանում անցկացվում է առաջին անգամ և կունենա շարունակական բնույթ։

Միջոցառման գործընկերներ են հանդես գալիս ՀՀ-ի կրթական կազմակերպությունները, որոնց գլխավոր նպատակն է երեխաների մեջ սերմանել սեր դեպի գիտությունն ու գիտելիքները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: