ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փողային հարցերի շուրջ վեճ. ծեծվելուց մի քանի ժամ հետո 27-ամյա երիտասարդը դանակահարել է ծեծողին

Փողային հարցերի շուրջ վեճ. ծեծվելուց մի քանի ժամ հետո 27-ամյա երիտասարդը դանակահարել է ծեծողին

Արմավիրի մարզում, մայիսի 8-ին դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 20։30-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջից կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած չթափանցող վերքեր, աջ ձեռքի թենարի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Մինչ բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվում դեպքի վերաբերյալ, ինչպես նաև պարզվում է վիրավորի ինքնությունը. նա Արմավիրի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Արսենյանն է։ 

Վաղարշապատի ոստիկանները պարզել են՝ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Դողս գյուղում գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա. Արսենյանը ծեծի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Հովհաննես Ավետիսյանին, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել։

Այնուհետև ժամը 20։00-ի սահմաններում նույն գյուղում պարզաբանումներ ստանալու նպատակով Հ. Ավետիսյանը հանդիպել է Ա. Արսենյանին, ով եղել է Kia Optima մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ էլ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ա. Արսենյանին։

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են Հ. Ավետիսյանին, իսկ տուժածի ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փաստի առթիվ հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: