Պետք ա, կդադարեցնեմ, ես ոչ մի խնդիր չունեմ. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի դեմ հարուցված քրգործին՝ ասաց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, իրավական մարմինների տիրույթում է, թող քննեն և իրենց կարծիքը ներկայացնեն:
Հարցին, թե այդ շենքերի կառուցումը կապվում է իր անվան հետ, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ես արդեն 4 հատի տեղը 20 շենք եմ կառուցել: Նախնական քայլերը կատարել եմ, ում հետ հարցեր եղել է, եթե եղել են հողատարածքներ, բոլորի հետ պայմանավորվածություն եղել է: Հիմնական, քանի որ եղել է հեղափոխություն, տնտեսական հեղափոխություն, դա միայն խոսքերով չի, այլ պետք է քայլեր արվեն, որ մարդիկ ներգաղթի ժամանակ բնակվելու տեղ ունենային: Ես ցանկացել եմ օրինակ ծառայել, որ միայն այսկերպ է հնարավոր, որ ներգաղթ լինի, մարդիկ գան: Հիմա պատճառներ են սարքում, պրոբլեմներ են սարքում, մեղքը իրենց վիզը: Ես իմ խոսքի տերն եմ եղել, կատարում եմ»։
Նա նաև նշեց, որ այսօր պետությունը չի կարողացել 6 ամսվա մեջ 20 հատ բարձրահարկ շենք կառուցել. «Հիմա գնան ասեն՝ կեսը ապօրինի շինություն է, 20 սմ դուրս է եկել… պետք ա, կդադարեցնեմ, ես ոչ մի խնդիր չունեմ: Ես իմ քայլը կատարել եմ, մնացածն իրավական տիրույթում է, թող քննեն, թող նայեն»:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ ամեն ինչ օրենքի տիրույթում է, օրինական է։
Հարցին՝ աջակցելո՞ւ է Վահագն Գևորգյանին, Ծառուկյանը պատասխանեց. «Օրենքի առաջ ոչ մեկը չի կարող աջակցել, գնում է քննություն, մեղավորները պատժվում են, անմեղները արդարացվում են»:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգարվվել Քրեական օրենսգրքի 315.2 հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք։



