ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Պատգամավորներ Արեն Մկրտչյանը և Արսեն Թորոսյանը այցելել են Լոռու մարզի բուժհաստատություններ

Պատգամավորներ Արեն Մկրտչյանը և Արսեն Թորոսյանը այցելել են Լոռու մարզի բուժհաստատություններ

Այսօր ԱԺ պատգամավորներ Արեն Մկրտչյանը և Արսեն Թորոսյանը այցելել են Օձունի, Շնողի և Ճոճկանի բուժամբուլատորիաներ և Ալավերդու բժշկական կենտրոն, զրուցել են բուժանձնակազմի հետ, արձանագրել խնդիրները և մատնանշել դրանց լուծման ուղիները: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Արսեն Թորոսյանը:
 
«Չնայած Օձունի և Ճոճկանի ամբուլատորիաները զրոյից կառուցվել են 2000-ականների սկզբներին, սակայն արդեն իսկ կարիք ունեն կապիտալ վերանորոգման կամ վերակառուցման, քանի որ աշԽատանքները ժամանակին ակնհայտորեն որակյալ չէին իրականացվել։
 
Ամբուլատորիաները համայնքային ենթակայություն ունեն, հետևաբար այդ աշխատանքները առաջին հերթին պետք է իրականացվեն համայնքային բյուջեների հաշվին, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերով, կառավարության հետ համաֆինանսավորումով։
Պարոն Մկրտչյանի հետ պայմանավորվեցինք, որ կաշխատենք մեր գործընկերների հետ աշխատանքները ապագա ծրագրերում ընդգրկելու համար»,- գրել է պատգամավորը և ավելացրել.
 
«Շնողի ամբուլատորիան շատ լավ շենքային պայմաններ ուներ, այդ թվում՝ Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ջանքերի և աջակցության շնորհիվ։ Եղանք նաև Շնողի համայնքապետարանում, որտեղ ծանոթացանք քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքներին։
 
Ալավերդու բժշկական կենտրոնը նույնպես այս պահին շատ լավ շենքային պայմաններ, սարքավորումներով և որակյալ բժշկական անձնակազմով հագեցվածություն ունի։ ԲԿ տնօրեն Ստեփան Մոսինյանի հետ քննարկեցինք հետագա զարգացման հնարավորությունները»։
 

 

 

  • Կիսվել: