ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պատերազմն ունի 2 ճակատ՝ սահմանների պաշտպանությունն ու պայքարը կորոնավիրուսի դեմ. Մուսեյան

Պատերազմն ունի 2 ճակատ՝ սահմանների պաշտպանությունն ու պայքարը կորոնավիրուսի դեմ. Մուսեյան

Մեզ համար տեսանելի այս պատերազմը ունի առնվազն երկու ճակատ՝ մեր երկրի սահմանների պաշտպանության, ինքնության պահպանման եւ գոյատեւման ճակատը եւ կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը:

Նա նշեց, որ կորոնավիրուսով վարակվածների թվերը մեծանում են, քանի որ թուլացել է հասարակության մի հատվածի զգոնությունը, մինչդեռ անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային կանոնները, քանի որ վարակը կարող է ներթափանցել նաև զորքեր:

՛՛Պետք է որ առողջ լինեն մեր հայրենիքի պաշտպանները, մեր բուժաշխատողները, մենք, քանզի այսօրվա մեր պայքարն ուղղված է ոչ թե վերջին 30 տարիներին, այլ 500 տարիների ընթացքում մեր ազգի և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Պատահական չէ, որ թշնամին մեզ վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը: Նա իրեն դաշնակից է ընտրել կորոնավարակը: Հաղթելով նրա դաշնակցին՝ մենք կհաղթենք հենց իրեն և կմոտեցնենք մեր հաղթանակը:

Համաճարակին հաղթելու գործում, առաջին հերթին, մենք ինքներս պետք է լինենք կարգապահ և խստապահանջ` մյուսների նկատմամբ, ուստի պետք է հետևենք կորոնավիրուսային հատվածի ժամանակաշրջանի համար գրված կյանքի կանոններին` հանուն մեր քաջարի զինվորների, հանուն մեր հաղթանակի, հանուն մեր ազգի հարատևման՛՛,-ասաց բժշկուհին:

  • Կիսվել: