շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պատերազմի ամենածանր օրը, ապագա բժշկի խոսքով, հոկտեմբերի 4-ն էր, երբ Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց

Պատերազմի ամենածանր օրը, ապագա բժշկի խոսքով, հոկտեմբերի 4-ն էր, երբ Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է․

«Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմում հարյուրավոր կյանքեր փրկած Վազգեն Մկրտչյանը նախընտրում է ընկերների հետ չխոսել այդ դաժան օրերի մասին:

26-ամյա Վազգենն արմատներով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից է: Նա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է: Աշխատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում՝ որպես Վերակենդանացման բաժանմունքի բուժակ:

Բժշկի մասնագիտությունն ընտրել է այն փաստի հիման վրա, որ փոքր տարիքում միշտ շատ լավ է զգացել իրեն հիվանդանոցում: «Նույնիսկ ուրախանում էի, երբ ինձ բժշկի մոտ էին տանում», - հիշում է Վազգենը:

Նա ընտրեց բժշկությունը, որպեսզի կարողանա օգնել, իր գործը ծառայեցնել բացառապես լավ նպատակի: «Ժամանակի ընթացքում արդեն համոզվեցի, որ այլ ոլորտում չեմ կարող աշխատել», - պատմում է Վազգենը: Բժշկությունը, ընդգծում է նա, զուտ մասնագիտություն չէ:

Չնայած այն հանգամանքին, որ հայրն առողջական խնդիրներ ունի, ինքն էլ բանակից ազատված է առողջական խնդիրների պատճառով, Վազգենը րոպե անգամ չվարանեց կամավոր առաջնագիծ ուղևորվելիս: «Սա ազգային հարց էր, և ես պետք է գնայի՝ ոչ մի բան հաշվի չառնելով: Սեպտեմբերի 27-ից Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում էինք: Իրավիճակն այնքան անկանխատեսելի էր, որ մենք հույս չունեինք անգամ, որ տեղ կհասնեինք», - հիշում է ապագա մասնագետը:

Պատերազմի ամենածանր օրը, ապագա բժշկի խոսքով, հոկտեմբերի 4-ն էր, երբ Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց թշնամու կողմից, և րոպեների ընթացքում հարյուրից ավելի վիրավոր բերեցին Ստեփանակերտի հոսպիտալ:

 

«Շատ վիրավորների առաջին վիրաբուժական մշակում էի անում հենց միջանցքում, հետո վերադառնում էի վիրահատարան: Այդ ընթացքում մեզ համար քնել չկար, սնվել չկար. ավելի կարևոր գործ ունեինք՝ պիտի կյանքեր փրկեինք», - շեշտում է Վազգենը:

10 օրվա ընթացքում Արցախի մայրաքաղաքում աշխատող բժիշկները քնել են ընդամենը 30 ժամ, այն էլ՝ միջանցքում՝ պատին հենված: «Մենք ընկերներով երբեք չենք խոսում այդ օրերի մասին: Նույնիսկ, երբ հիշում եմ, մարմինս փշաքաղվում է: Այդ օրերին մենք սկսեցինք գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, վերարժևորեցինք ամեն օրը, թե՛ մասնագիտական, թե՛ անձնական առումներով», - ընդգծում է ապագա բժիշկը:

Մի անգամ, հիշում է Վազգենը, երբ հերթական ամպուտացիայից հետո ինքը ծանր ապրումներով դուրս էր եկել վիրահատարանից, վիրաբույժը նրան կանչում է և խնդրում վիրավոր զինվորի ձեռքը վերականգնել: «Այս ձեռքը վերականգնի՛ր, որ սիրտդ հանգստանա», - ասաց ինձ բժիշկը: Ես շատ երջանիկ էի: Վիրահատությունը, որն ամբողջությամբ ես կատարեցի, հաջող անցավ, իսկ վերջում վիրավորը ցանկություն հայտնեց ինձ հետ նկարվելու. սա այն եզակի նկարներից էր, որ ունեցանք պատերազմի օրերին», - հիշում է ապագա էնդովասկուլյար վիրաբույժը:

15 օր շարունակ Արցախում կյանքեր փրկելուց հետո բժիշկների անձնակազմին, որոնց շարքում էր նաև Վազգենը, հետ կանչեցին Երևան. վերջիններս համաձայնվեցին վերադառնալ միայն նոր անձնակազմով համալրումից հետո: «Հոկտեմբերի 11-ին վերադարձանք Երևան COVID-19-ի դեպքերի շատանալու պատճառով: Ու անմիջապես լծվեցինք մեր երկրորդ պատերազմում պայքարելուն՝ արդեն՝ անտեսանելի թշնամու դեմ: Նույնիսկ չենք էլ մտածել հանգստանալու մասին», - հպարտորեն ավելացնում է ԵՊԲՀ սովորողը:

Ավելի կրտսեր սերնդի ապագա բժիշկներին նա խորհուրդ է տալիս երբե՛ք չվախենալ իրենց մասնագիտական պարտքը կատարելուց: «Եթե նույնիսկ հարցը դրված կլինի այնպես, որ ստիպված լինեք ընտրել՝ սեփական կյանքը, թե պացիենտի, ապա ընտրե՛ք պացիենտի կյանքը», - կոչ է անում նա:

ԵՊԲՀ ուսանողները, նրա համոզմամբ, միշտ բազմակողմանի զարգացած են մասնագիտական առումով, գործին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ, ինչպես կմոտենա արդեն աշխատող բժիշկը:

«Իսկ ամենաթանկ արժեքը, որը բժիշկը ստանում է պացիենտից, հույսով լի ժպտացող աչքերն են», - եզրափակում է պատերազմում հարյուրավոր կյանքերի համար հերոսաբար մարտնչած ապագա բժիշկը:

 

  • Կիսվել: