երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պաշտոնապես հայտարարում եմ, որ Արմեն Գալստյանի դեմ որեւէ բողոք չունեմ, բայց ձեր կարծիքով ես իրավունք ունե՞մ ասելու՝ մի կալանավորեք․ Աղազարյան

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Արմեն Գալստյանի դեմ որեւէ բողոք չունեմ, բայց ձեր կարծիքով ես իրավունք ունե՞մ ասելու՝ մի կալանավորեք․ Աղազարյան

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուր փառքի պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների եւ ՔՊ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-սեբաստիա շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչը միջնորդել է կալանավորել զոհված զինծառայող  Լեւոն Գալստյանի հորը՝ ձերբակալված Արմեն Գալստյանին։

Ավելի վաղ Հովիկ Աղազարյանը հարցազրույցում ասել էր․ որ այնտեղ կային կանայք եւ տղամարդիկ, մարդիկ, որոնք հարազատի, ինչ-որ իմաստով Արցախի կորստի ցավով էին այնտեղ։ «Եվ եթե այդ մարդիկ իրենց վրդովմունքը ցույց տալիս իմ եւ իմ գործընկերոջ՝ Հակոբ Ասլանյանի հանդեպ, ես կարող եմ դա մարսել ես խնդիր չունեմ։ Եթե այդպես է, բոլորից ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան այն չեմ արել իմ պատգամավորական գործունեության շրջանակներում»,-ասել էր պատգամավորը եւ հավելել, որ եթե իրեն կանչեն, կասի․ եթե այդ մարդը ունի հարազատ՝ կորստի հետ կապված, ինքը ոչ մի պահանջ չունի, թող նա գնա իր գործին։ Իսկ եթե հարազատ չկա, պետք է պատժվի օրենքի ամենախիստ մասով»։

Aravot.am-ը Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն վերցրեց՝ կապված իր ասածի եւ քննիչի՝ զոհվածի հորը կալանավորելու միջնորդության մասին։ «Ես ասել եմ, որ չեմ բողոքի։ Ես չեմ հիշում, որ ասել եմ, թե կմիջնորդեմ, որ ազատեն։ Իմ ասելով քննիչը կամ իրավապահները չեն ազատելու։ Ասել եմ՝ չեմ բողոքի եւ չեմ էլ բողոքում։ Ձեր կարծիքով՝ ես իրավունք ունե՞մ ասելու՝ մի կալանավորեք։ Արմեն Գալոյանի տղան է զոհված։ Ես ոչ մի պահանջ չեմ ներկայացրել, դատաբժշկի չեմ գնացել։ Բայց չեմ կարող միջնորդել իրավապահ մարմինների առաջ, որ այլ կերպ վարվեն»։

Դիտարկմանը, թե բարոյականության հարթության վրա պրակտիկա կա, երբ տուժողը քննիչին ասում է, որ չի բողոքում եւ առաջարկում է կասկածյալին ազատ արձակել, առաջարկում է, ոչ թե միջնորդում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Ես նման հայտարարություն անելու իրավունք չունեմ։ Բայց հիմա ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ որեւէ բողոք չունեմ, եթե դա ինչ-որ բան նշանակում է։ Ինքս ոստիկանությանը չեմ դիմել։ Ինձ կանչել են հարցաքննության, ես էլ ասել, նկարագրել  եմ, թե ինչ, ոնց  է եղել։ Ես փոխհատուցման պահանջ էլ չունեմ»։


  • Կիսվել: