ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը խոսում է հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին, բայց չի կարողանում պաշտպանել  ազգային շահը այդ հարաբերություններում. Շարմազանով

Փաշինյանը խոսում է հայ-ռուսական փայլուն հարաբերությունների մասին, բայց չի կարողանում պաշտպանել  ազգային շահը այդ հարաբերություններում. Շարմազանով

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը զավեշտալի է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հայ-ռուսական հարաբերությունների փայլուն մակարդակի մասին:

PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում նա մատնանշեց ՌԴ Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման փաստը և նկատեց, որ դա չի կարող վկայել Փաշինյանի ասած փայլուն հարաբերությունների մասին:

«Փաշինյանի իշխանությունը և անձամբ Փաշինյանը առավոտից երեկո թմբկահարում են հայ-ռուսական հարաբերությունների փայլուն մակարդակի մասին: Երկու երկրների, երկու ժողովուրդների միջև փայլուն հարաբերությունները պետք է սպասարկեն այդ երկու պետությունների շահերը։ Մինչդեռ երբ Հայաստանի ղեկավարը խոսում է փայլուն հարաբերությունների մասին, բայց չի կարողանում պաշտպանել հայ ժողովրդի շահերը Ռուսաստանում, ոչ մի իրավահավասար և փայլուն հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող։

Եթե ՀՀ իշխանությունը չի կարողանում ներկայացնել, որ Գարեգին Նժդեհը հակառուսական գործիչ չէ, որ Գարեգին Նժդեհի որևէ զինվոր չի կռվել Խորհրդային բանակի դեմ, որ հակառակը՝ Նժդեհը ջատագով է եղել հայ-ռուսական սերտ հարաբերությունների, ավելին, նշել է, որ ցեղակրոնի միակ դաշնակիցը կարող է լինել ռուս մեծ ժողովուրդը, որ Գարեգին Նժդեհը ծառայել է միայն մայր Հայաստանին ու հայ ժողովրդին և նույնիսկ չի արձագանքում իր ազգային հերոսի հուշատախտակի ապամոնտաժմանը, ապա խոսել հայ-ռուսական իրավահավասար, փայլուն հարաբերությունների մասին, նույնն է ինչ ասել, որ Հայաստանը հաջորդ տարի կդառնա հոկեյի աշխարհի չեմպիոն», - հավելեց Շարմազանովը:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա Շարմազանովը չի կարծում, որ կարելի է նմանօրինակ վարքագիծ դրսևորել դաշնակից երկրի ազգային հերոսի նկատմամբ, հասկանալով, թե դա ինչ նուրբ և զգայական հարց է հայ ժողովրդի համար։ «Միթե արժեր այս հարցում անտեսել դաշնակից երկրի ժողովուրդի զգացմունքները՝ տուրք տալով ազգայնական որոշ գործիչների սադրանքներին»,- նշեց Շարմազանովը։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ կամ Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանում այս առիթով ոչ մի մեկնաբանությամբ հանդես չեն եկել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30 ռուսական Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղակայված Գարեգին Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժվել է: Հուշատախտակի ապամոնտաժման մասին վկայում է «Հարավային լրատվական ծառայություն» հրատարակությունում հայտնված փաստաթուղթը, որում հայկական եկեղեցու վանականը, քաղաքապետ Սերգեյ Ֆրոլովի նամակին ի պատասխան, հայտնում է ապամոնտաժման մասին:

Ավոլի վաղ՝ նոյեմբերի 13-ին պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը պղծել էր Գարեգին Նժդեհի վերոնշյալ հուշատախտակը:

   

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: