Պարզվում է՝ ձմռանը Երևանում օդի աղտոտվածության ավելացման պատճառը ջեռուցումն է. հասկացել ենք խնդիրները. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդատվության ժամանակ քննարկվեց Երևանի օդի աղտոտվածության խնդիրը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ թեման հանրությանը ամենահուզող հարցերից մեկն է եղել և պարբերաբար, կարծում եմ, անդրադարձ պետք է ունենանք թեմային:
«Այս սեզոնին արդեն իսկ օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը, ճի՞շտ եմ արձանագրում։ Եվ սա ցույց են տալիս մեր 173 սարքերը, որոնք որ տեղադրել ենք Երևան քաղաքով մեկ։ Բայց մենք ունենում ենք խնդիրներ հիմնականում ձմեռվա ամիսներին, դա ինչո՞վ է պայմանավորված»,- հետաքրքրվեց քաղաքապետը:
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանն էլ ասաց, որ ձմռան ամիսներին, յուրաքանչյուր տարի ունենում ենք այդ խնդիրը՝ պայմանավորված ջեռուցման սեզոնով:
«Աղտոտման աղբյուրներին գումարվում է նոր աղտոտման աղբյուր՝ ջեռուցումը, ունենում ենք այդ խնդիրը: Նաև կուզենայի տեղեկացնել, որ հրապարակվել է հիդրոմետի օդի աղտոտվածության 2024 թվականի ամփոփագիրը, որի համաձայն 2024 թվականին Երևան քաղաքում նվազել է փոշու աղտոտվածության մակարդակը համեմատած նախորդ տարիների»,- ասաց նա:
Ավինյանն էլ արձագանքեց. «Հիմա ինչ որ Դուք ասում եք՝ շատերը ուղղակի կորակեն՝ իրականությանը չի համապատասխանում: Դա ունի մի պարզ պատճառ՝ մինչև նախորդ տարի մենք օդի որակի այս ծավալի չափումներ ուղղակի Երևան քաղաքում չէինք արել: Այսինքն այն սարքերի ծավալը և քանակը, որ նախորդ տարի արդեն ունեինք Երևան քաղաքում 160-ից ավելին էր, մեզ հնարավորություն է տվել լայնորեն խոսել այս թեմայի շուրջ: Իրականում այն ամենակարևոր այսպես ասած դիագնոստիկ փուլն ենք անցել, որտեղ որ հասկացել ենք, թե ինչ խնդիրներ ունենք:
Այնուամենայնիվ փոշու քանակը և օրինակ ձեր մատնանշած առաջին խնդիրը, որ ջեռուցման սեզոնի հետ է կապված, արդյո՞ք իրար հետ փոխկապակցված են, արդյոք, օրինակ, գազի սպառումը փոշու խնդրի հետ է կապված, թե դա այլ աղտոտիչ է»,-ասաց նա:
Ավետիսյանն էլ արձագանքեց. ««Ջեռուցման սեզոնին ոչ միայն գազ նաև այլ վառելիք է օգտագործվում, հիմնականում մանրատի փոշի փոշու օրգանական այդ ծխի մասնիկները հանդիսանում են PM 2.5-ի աղբյուր, դրան գումարվում է ձմեռային ամիսներին օդափոխանակության խանգարումը, այդ ամենը բերում է սարքերի կողմից արձանագրվող PM 2.5-ի մակարդակի ավելացման»:
Ավինյանը հանձնարարեց պարբերաբար միջոցառումների ծրագրի վերաբերյալ ավելի կոնկրետ և բովանդակային քայլերի շուրջ պետք է այստեղ զեկույցներ ներկայացնել: