երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Խորհրդարանը քննարկում է 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Խորհրդարանը քննարկում է 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ազգային ժողովը հունիսի 17-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Նիստերի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նա արձանագրել է, որ բյուջեի նկատմամբ հետաքրքրվածությունը տարեցտարի աճում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ֆինանսների նախարարությունը շարունակաբար փորձում է վերջինիս բովանդակությունն ավելի մատչելի դարձնել, ընդլայնել հաղորդակցության ուղիները՝ այդպիսով բյուջեի շահառու տարբեր խմբերին առաջարկելով ավելի հասցեական բովանդակություն:

«Բյուջեն մեր բոլորի, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու մասին է»,- ընդգծել է նախարարը եւ հավելել. «Բյուջեն ձեւավորվում է մեր համատեղ ջանքերի արդյունքում, եւ որքան շատ ենք մենք վաստակում ու սպառում, այնքան մեծ է մեր ներդրումը բյուջեի եկամտային մասի ձեւավորման մեջ»:

Խոսելով հարկային վարչարարությունից՝ զեկուցողը նշել է, որ այն իր թիրախում պետք է պահի հարկային կարգապահության հարցը:

«Ուրախ եմ, որ վերջին տարվա ընթացքում կայացված որոշումներն ու օրենսդրական փոփոխություններն ընդլայնել են վարչարարության գործիքակազմը: Վստահ եմ՝ թվայնացման եւ արհեստական բանականության գործիքների կիրառման ընդլայնմամբ հնարավորություն ենք ունենալու ավելի արդյունավետորեն բացահայտելու հարկերից խուսափելու դեպքերն ու կիրառելու համարժեք պատասխանատվություն»:

Անդրադառնալով Հայաստանում տնտեսական զարգացումներին՝ Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2024 թվականը մեր երկրի համար տնտեսական աճի կայունացման ժամանակահատված է եղել:

Նշվել է, որ 2024 թվականին գրանցվել է 5,9 տոկոս տնտեսական աճ՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճով: 2021-2024 թվականներին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8.2 տոկոս տնտեսական աճ:

Նախարարը փաստել է, որ վերջին երեք տարիների բարձր տնտեսական աճն ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ: Զեկուցողի խոսքով այդ մասին վկայում են նաեւ կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցնիշների դրական դինամիկաները:

Վահե Հովհաննիսյանը խոսել է նաեւ մի շարք ոլորտներում գրանցված դրական զարգացումների մասին, ներկայացրել թվային որոշ տվյալներ:

  • Կիսվել: