Պարզվեց, որ ես պարսիկների հետ փայտի գործ եմ անում՝ վեր թռա, խորը շունչ քաշեցի․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շրջանառվող լուրերին առ այն, որ նա փայտի գործ է անում Իրանի քաղաքացիների հետ։
Նա, մասնավորապես, նշել է․
«Մինչ զբաղված էի սահմանապահ Դովեղ գյուղում պոմպակայանի վերականգնման կազմակերպչական աշխատանքներով, որի արդյունքում գյուղամիջով հոսող ջուրը կոգտագործվի մեր գյուղացիների կողմից, և միայն ադրբեջանցիները չեն օգտվի այդ ջրից, հիմա էլ պարզվեց, որ ես պարսիկների հետ փայտի գործ եմ անում:
Մի պահ վեր թռա, խորը շունչ քաշեցի, բացեցի հեռախոսս, որ հասկանամ ինչի չեն ասել, որ ես իրենց հետ գործ եմ անում, երբ են վերջին «ռեյսը» տարել, որտեղ են հիմա, էն էլ մի մեծ հուսախաբություն` պարզվեց Իրանի քաղաքացու կոնտակտներ ընդհանրապես չունեմ, և ոչ մեկի չեմ ճանաչում: Կենտրոնացա, հեռախոսս առանց կտրուկ շարժումների դրեցի գրպանս ու անցա Հաղարծին և Չինարի գյուղերի ծրագրերին, որի մասին ավելի ուշ կտեղեկացնեմ»։


