ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Պարոն Մանուկյան, շնորհակալություն Ձեր կայացրած որոշման համար. Փաշինյանը՝ Գերմանիայից ժամանած բժշկին (տեսանյութ)

Պարոն Մանուկյան, շնորհակալություն Ձեր կայացրած որոշման համար. Փաշինյանը՝ Գերմանիայից ժամանած բժշկին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Գերմանիայից ժամանած հայ բժիշկ Արսեն Մանուկյանին, որը բուժում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին:

Վարչապետը գրել է. ՛՛Պարոն Մանուկյան, շնորհակալություն Ձեր կայացրած որոշման համար, նաև Ձեր ընտանիքին շնորհակալություն, որ համաձայնել է այդպիսի որոշման։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել մեր բոլոր բուժաշխատողներին՝ կատարվող աշխատանքի համար։ Երեկ ես եղա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, տեսա, թե ինչպիսի հերոսական աշխատանքներ են կատարում մեր բժիշկները։ Տեսա, թե շնորհակալության ինչպիսի զգացում կա մեր քաղաքացիների՝ պացիենտների շրջանում։

Կարող եմ արձանագրել, որ մեր բուժհաստատություններում այս օրերին հաստատված է կորոնավիրուսի դեմ պայքարի ընտանեկան մթնոլորտ։ Նման մթնոլորտ պետք է հաստատվի ողջ Հայաստանում և դա պետք արտահայտվի հետևյալով. մեզնից յուրաքանչյուրն այս գործում պետք է անի այն, ինչ կարող է։ Իսկ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել շատ կարևոր բան. պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն՛՛։

Փաշինյանը նաև մեջբերել է բժշկի խոսքերը և տեղադրել տեսանյութ պարետատան նիստից հետո այսօր կայացած ճեպազրույցից, որտեղ իր խոսքով հանդես է եկել նաև Մանուկյանը:

՛՛Արսեն Մանուկյան. «Մայիսի վերջին կարդացի Առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են մասնագետներ, հասկացա, որ ենթագիտակցության մեջ արդեն ունեմ կայացրած որոշում: Քննարկեցի կնոջս հետ և իմացա, որ նա նույնպես կողմ է, պատրաստ է անհայտ ժամկետով միայնակ մնալ տանը, աշխատել և խնամել 10 ամսական որդուս: Գնեցի ինքնաթիռի առանց հետադարձի տոմս դեպի Երևան, իսկ հաջորդ օրն առավոտյան միացա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թիմին:

Հուլիսի 18-ին որդիս՝ Լևոնը, կդառնա 1 տարեկան, հուսով եմ, որ մինչ այդ՝ կանոնների համատարած պահպանման շնորհիվ, համաճարակի հետզարգացման այնպիսի տեմպ կունենանք, որ ես կկարողանամ վերադառնալ ընտանիքիս մոտ և մասնակցել որդուս առաջին տարեդարձին: Խնդրում եմ՝ բոլորդ օգնեք ինձ այդ հարցում»՛՛,-գրել է Փաշինյանը:

Տեսանյութը՝ ստորև.

 

  • Կիսվել: