երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պարեկները հետապնդել են կարգազանց վարորդներին՝ կիրառելով «ճանապարհային ոզնի»

Պարեկները հետապնդել են կարգազանց վարորդներին՝ կիրառելով «ճանապարհային ոզնի»

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նոյեմբերի լույս 23-ի գիշերը ծառայության ժամանակ նկատել են առանց համարանիշերի BMW և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վարորդները, չենթարկվելով պարեկների «Կանգ առ» պահանջին, մեքենաներով փախել են։ Պարեկային կարգախմբերը հետապնդել են, փորձել հարկադրաբար կանգնեցնել նրանց՝ անգամ կիրառելով «ճանապարհային ոզնի», ինչի հետևանքով ծակվել է BMW-ի անվադողը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, կարգազանց վարորդները շարունակել են փախուստը՝ այդ ընթացքում վնասելով նաև պարեկների մեքենաներից մեկը և վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ «Հետապնդումը շարունակվել է։ «BMW» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների վարորդները, դուրս գալով մայրաքաղաքից, ընթացել են Աբովյան քաղաքի ուղղությամբ։ Այնուհետև «BMW»-ն մտել է Երևան-Սևան ճանապարհի հյուրանոցային համալիրներից մեկի ավտոտնակ, իսկ «Տոյոտայի» վարորդը մեքենան կայանել է հյուրանոցի հարևանությամբ։

Պարեկների հմուտ գործողությունների շնորհիվ հյուրանոցից ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 6 անձ։ Բաժնում պարզվել է նրանց ինքնությունը։ Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածներից 28-ամյա երիտասարդը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: