ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պարեկային ծառայությունում շիրակցի կանանց ընդգրկվածությամբ մարզն առաջատար է․ ՆԳ նախարար

Պարեկային ծառայությունում շիրակցի կանանց ընդգրկվածությամբ մարզն առաջատար է․ ՆԳ նախարար

Այսօր Գյումրու «Վարդանանց» հրապարակում կայացել է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի հերթական միջոցառումը՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի համայնքների ղեկավարները, հանրապետական և մարզային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, պատասխանատու այլ անձինք։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով ՆԳՆ համակարգում բովանդակային բարեփոխումների իրականացման դինամիկ ընթացքը, այդ թվում պարեկային ծառայության լիակատար գործունեությունը մարզերում և հատուկ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, մարզպետի աշխատակազմին՝ Գյումրիում «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման միջոցառման կազմակերպչական աշխատանքերին աջակցելու համար։

Միջոցառման մասնակիցներին ողջունել և արշավը կարևորել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ նշելով, որ ոստիկանության համակարգում աշխատելը ոչ միայն պատվաբեր, այլ նաև պարտավորեցնող է․ «Այսօր արդեն, թեկուզ Շիրակի մարզով կարող ենք փաստել, որ պարեկային ծառայության հիմնադրումը չափազանց կարևոր և արդարացված բարեփոխում էր, մարդիկ սկսել են տեսնել, նկատել ծառայության նոր որակ, քաղաքացու հետ հարաբերությունների նոր մակարդակ, որի առանցքում քաղաքացու պաշտպանվածության մեծացումն է։ Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության կարևորության մասին նշեմ, որ այն ոչ միայն մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերի փոփոխություն է ենթադրում, այլև նպաստելու է համակարգի աշխատանքի որակի բարձրացմանը, հատկապես, երբ դիտարկում ենք, որ ամեն ինչ արվել է կանանց համար աշխատանքն առավել գրավիչ դարձնելու նպատակով՝ ինչպես սոցիալական երաշխիքների, այնպես էլ չափորոշիչների մասով։ Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ կանանց ընդգրկվածությամբ Շիրակի մարզն առաջատար դիրքերում է։ Շնորհակալ եմ շիրակցի համարձակ և ուժեղ կանանց, դուք նոր մտածողության ներդրողներն եք, պայքարող ու մեր կյանքն ավելի լավը դարձնել ցանկացողներն եք։ Ոստիկանությունում ծառայելը, վստահ եմ, ձեզ առավել ուժեղ կդարձնի։ Հաջողություն եմ մաղթում համակարգ ընդգրկվելու ցանկություն ունեցող կանանց։ Բոլորիդ մաղթում եմ բարի ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Շիրակի մարզի»։

Հետաքրքրված քաղաքացիներին պատասխանատուները պարզաբանումներ են ներկայացրել պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու պահանջների ու պարտականությունների մասին, դիտարկել ծառայության ընթացքում հանդիպող տարբեր իրավիճակներ, խոսել մասնագիտական հմտությունները գործի դնելու կարևորության մասին։

Այնուհետև մարզպետը ՆԳ նախարարի, համայնքների ղեկավարների, հյուրերի հետ շրջել են տաղավարներում, զրուցել համայնքների ներկայացուցիչների հետ, ծանոթացել ներկայացված ապրանքներին։

Միջոցառումն ավարտվել է «Գյումրու ժողովրդական գործիքների նվագախմբի» համերգով։

 

 

  • Կիսվել: