երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Օզոնը մեր կյանքում» ֆիլմերի մրցույթում հաղթող աշակերտները հանդիպել են ՇՄ նախարարի հետ

«Օզոնը մեր կյանքում» ֆիլմերի մրցույթում հաղթող աշակերտները հանդիպել են ՇՄ նախարարի հետ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթող Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին։
 
«Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացված «Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը» կրթական միջոցառումների շրջանակներում 2021 թ. հուլիսի 20-23-ը Բյուրականում կազմակերպված քառօրյա ամառային դպրոցի ընթացքում նկարահանվել են «Օզոնը մեր կյանքում» 5 կարճամետրաժ ֆիլմեր։ Հանձնաժողովի քվեարկության արդյունքում նախաձեռնության հաղթող է ճանաչվել Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի թիմը:
 
Ողջունելով աշակերտներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ կարևորել է էկոլոգիական կրթության միջավայրի բարելավումն ու հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացումը:
 
Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, ՄԱԱԶԿ Օզոնի ծրագրի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է Բյուրականում կազմակերպված քառօրյա ամառային դպրոցի ընթացքում իրականացված աշխատանքները, խոսել ֆիլմերի ստեղծման մասին։ Նա տեղեկացրել է, որ ամառային դպրոցի 30 մասնակից նախապես մասնակցել է 2021 թվականի մայիսին Հանրապետության 240 դպրոցների համար կազմակերպված թեմատիկ վեբինարներին: Երեխաները ձեռք են բերել ֆիլմեր պատրաստելու հմտություններ, որոնք հետագայում կարող են կիրառել իրենց գործունեության ոլորտներում։
 
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հաղթող ֆիլմի դիտում, ապա աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել նախարար Պետրոսյանին։ Նրանք հետաքրքրվել են պլաստիկի օգտագործման կրճատմանն ուղղված պետական քաղաքականությամբ։
 
Նախարարն աշակերտներին տեղեկացրել է այդ ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տարվող աշխատանքների մասին․ 2022 թվականից կարգելվի առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը: Բացառություն են լինելու միայն երկրորդային հումքից պատրաստված և կշռափաթեթավորման համար օգտագործվող տոպրակները:
Աշակերտները հետաքրքրվել են նաև հանրակրթական դպրոցներում բնագիտական լաբորատորիաների առկայության խնդրով։
 
Նախարարը տեղելացրել է, որ կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրապետության դպրոցներում նյութատեխնիկական հագեցվածությամբ բնագիտական լաբորատորիաների առկայության հարցը, ինչի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում․ 5 տարվա ընթացում բոլոր դպրոցներում պետք է լինեն գեղեցիկ կահավորված և նորագույն տեխնիկայով հագեցած ուսումնական լաբորատորիաներ։
 
«Շրջակա միջավայրի արդյունավետ պահպանման, կառավարման ու զարգացման գործում պետք է օր առաջ ունենալ երիտասարդ, հավակնոտ, առաջադեմ ու նորարար հայացքների տեր՝ կաղապարներից դուրս մտածող մասնագետներ։ Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատում և ենթակա ստորաբաժանումներում մշտապես կարիք ունենք բնապահպանական ոլորտում մասնագիտացած երիտասարդների։ Ուստի ուրախ կլինեմ, որ դուք ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս նախապատվությունը տաք բնագիտական ուղղվածությանը։
 
Եվ՛ ազգային, և՛ միջազգային մակարդակում բնապահպանության ոլորտում մենք ահռելի անելիք ունենք՝ սկսած օզոնային շերտի պահպանումից, վերջացրած անտառվերականգնման ու ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումից։ Բնապահպանութունը սահմաններ չի ճանաչում։ Ձեր գիտելիքներով ու հմտություններով համալրեք մեր շարքերը, դրսևորեք բնապահպանամետ վարք և դարձեք այդ վարքը քարոզող սուրհանդակներ ձեր շրջապատում, ձեր համայնքում ու մեր երկրում»,- նշել է նախարարը։
 
Հանդիպման ավարտին նախարարը Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի գրադարանին է նվիրել ՀՀ բուսական և կենդանական աշխարհի կարմիր գիրք՝ ևս մեկ անգամ կարևորելով երիտասարդների դերը պետության և յուրաքանչյուր ոլորտի կայացման գործում ու իր պատրաստակամությունը հայտնել աջակցել երիտասարդներին՝ շրջակա միջավայրին առնչվող գործունեության ոլորտներում հնարավորություններն իրացնելու հարցում։

  • Կիսվել: