շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Ով մեր կառավարությանը մեղադրում է հանցագործն լինելու մեջ, թող նայի հայելու մեջ. Վահագն Հովակիմյան

Ով մեր կառավարությանը մեղադրում է հանցագործն լինելու մեջ, թող նայի հայելու մեջ. Վահագն Հովակիմյան

Այսօր ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ նշվում է, թե իբր այս փաթեթով նոր տվյալների հավաքագրում է տեղի ունենալու Հայաստանում:

Նա, մասնավորապես, ասաց. «Դա այդպես չէ: Հաճախորդի տեղորոշումը եւ զանգերի փաստը բջջային կապի ստեղծման օրվանից օպերատորները հավաքում են: Նրանց մոտ այդ տվյալները կան, եւ այս օրենքը ընդամենը հնարավորություն է տալու պարետատանը այդ տվյալներից օգտվել: Այսինքն ստացվում է, որ մասնավորները որ ունեն այդ տվյալները, վստահ ենք, որ նրանք այդ տվյալները չեն օգտագործի անձնական կամ այլ նպատակներով,բայց հենց հայտնվի կառավարության տիրույթում, կառավարությունը դրանք կօգտագործի այլ նպատակներով: Այսինքն կառավարությունը կգնա հանցագործության: Ոչ ոք մեզ, մեր կառավարությանը չի կարող մեղադրել հանցագործն լինելու մեջ: Ով մեղադրում է, թող գնա հայելու մեջ նայի»:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարությունը նորից է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթն է, որն այսօր մեկ անգամ արդեն տապալվել է: Այս նիստին մասնակցում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Նախագիծը սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Նշենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ  այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» այդ պահին ներկա պատգամավորները 65-ից ավելի չէին:

  • Կիսվել: