ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ոստիկանությանը ներկայացված պահանջների հիմնական մասը բավարարված է. պատգամավորների և ոստիկանապետի հանդիպումն ավարտվեց

Ոստիկանությանը ներկայացված պահանջների հիմնական մասը բավարարված է. պատգամավորների և ոստիկանապետի հանդիպումն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց Իշխան Սաղաթելյանի, Արթուր Վանեցյանի, Հայկ Մամիջանյանի եւ մի քանի այլ պատգամավորի հանդիպումը ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։

Պատգամավորները դուրս եկան ոստիկանության կենտրոնական շենքից, որտեղ հավաքված լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ ոստիկանության մյուս բարձրաստիճան ծառայողներին ներկայացրել են ՛՛Դիմադրություն՛՛ շարժման պահանջները։

Սաղաթելյանի խոսքով՝ ի պատասխան շարժման առաջին պահանջի, որ այս օրերին ցուցարարների եւ պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները գործունեությունը պետք է կասեցվի, եւ նրանք քրեական պատասխանատվության ենթարկվեն, ոստիկանապետն ասել է, որ այս պահին կասեցված է ոստիկանական մեկ ծառայողի գործունեությունը, իսկ 37 ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել են մեկ տասնյակից ավելի քրեական գործեր։

՛՛Իսկ այսօրվա դեպքերով տեղի են ունենում ուսումնասիրություններ, եւ ոստիկանությունը շատ կարճ ժամկետում հանդես կգա հայտարարությամբ՝ կոնկրետ դեպքերով։ Գիտեք, որ այս ընթացքում ավտոերթերի ժամանակ ապօրինաբար 80 ավելի մեքենա է բռնագրավվել, պայմանավորվել ենք, որ այդ մեքենաները վերադարձվեն մեր հայրենակիցներին՛՛,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա նաեւ նշեց, որ իրենց ներկայացրած պահանջների հիմնական մասը բավարարված է, բայց հետեւողական են լինելու եւ սպասելու են արդյունքներին։

Այս պահին ընդդիմադիրները շարունակում են երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կամփոփեն այսօրվա արդյունքները:

  • Կիսվել: