հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Ֆրանսիայում կանխվել է Կիլիան Մբապեի առևանգումը. աղբյուր

Ֆրանսիայում կանխվել է Կիլիան Մբապեի առևանգումը. աղբյուր

Ֆրանսիացի իրավապահները կանխել են մի շարք հայտնի մարդկանց, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի առևանգման փորձը։ Գործով կալանավորվել են 18-ամյա երիտասարդն ու նրա հանցակիցը, գրում է armsport.am-ը:

Ինչպես հաղորդում է Le Parisien պարբերականը, Կլեման անունով 18-ամյա երիտասարդը, որը նախկինում արդեն դատապարտված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության, բռնությամբ զուգորդված կողոպուտի և կավատության համար, կասկածվում է 2026 թվականի ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում մի շարք զինված կողոպուտներ և մարդկանց առևանգումներ կազմակերպելու մեջ։ Չարագործներին ձերբակալել են օգոստոսի վերջին՝ Փարիզի արվարձաններից մեկում։

Պարբերականի տեղեկություններով՝ հանցախմբի ղեկավարը բանտից հեռախոսով է հրահանգներ տվել իր հանցակիցներին։ Իրավապահներն առգրավված հեռախոսներում հայտնաբերել են 26 պոտենցիալ զոհերի հասցեներ. նրանց թվում եղել են խոշոր գործարարներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ (մասնավորապես՝ մի հայտնի ռեփեր) և պրոֆեսիոնալ մարզիկներ, որոնցից մեկն էլ եղել է Կիլիան Մբապեն։

Օգոստոսի 21-ին Կլեմանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել կազմակերպված զինված կողոպուտի հոդվածով։ Սեպտեմբերի 2-ին կայացած վերաքննիչ լսումների ժամանակ, երբ մեղադրյալը փորձել է բողոքարկել իր կալանքն ու մենախուց տեղափոխվելը, դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջինս «ներքաշված է նաև հայտնի ռեփերի և ֆուտբոլիստի վերաբերյալ նոր գործի մեջ»։ Կասկածյալներն այժմ գտնվում են կալանքի տակ՝ սպասելով դատարանի վերջնական վճռին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ֆրանսիայի ազգային հավաքականը Փարիզում Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում հանդիպումներ կանցկացնի Իտալիայի և Բելգիայի ընտրանիների հետ։

  • Կիսվել: