ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ոսկեպարի եկեղեցու մոտ ոստիկանները պատ են կազմել․ Վեճ է բռնկվել քաղաքացու և փոխոտսիկանապետի միջև

Ոսկեպարի եկեղեցու մոտ ոստիկանները պատ են կազմել․ Վեճ է բռնկվել քաղաքացու և փոխոտսիկանապետի միջև

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից տարածքում լարված իրավիճակ է։ Ոստիկաններն ու ԱԱԾ հատուկջոկատայինները թույլ չեն տալիս, որ քաղաքացիները մոտենան եկեղեցուն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սակրավորները սկսել են ականազերծել եկեղեցուն կից տարածքը։ Ոսկերպարի բնակիչներից մեկը մեզ հայտնել էր, որ տարածքն ականազերծվում է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում անցնելու է Ադրբեջանին։

Այս պահին ոստիկանները պատ են կազմել։ Քաղաքացիներից մեկը դիմեց Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանին ու հարցրեց, թե ինչու են իրենց խանգարում.  «Դու էլ ես հայ, ես էլ եմ հայ, տալի՞ս ես։ Դու իմ հարցին չես կարողանում պատասխանել, ասում ես` ծառայություն եմ իրականացնում»,–ասաց նա։

Երբ հոգևորականներից մեկը մոտեցավ ԱԱԾ հատուկջոկատայիններին, նրան էլ թույլ չտվեցին անցնել, բնակիչները սկսեցին ճեղքել ոստիկանների կազմած պատը։

«Այս պահին մի գնացեք, դուք գնալու եք, բախում է լինելու։ Ռազմական ոստիկանությունը ծառայություն է անում, հիմա կվերջացնի կգնաք 2 ժամից։ Համբերե՛ք, երբ ճանապարհը բացվի կգնաք»,- ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։

Բնակիչների հակադարձմանը, թե տեսե՞լ է Մհեր Գրիգորյանի գրասենյակի տարածած քարտեզները, նա բացասական պատասխան տվեց․ «Ո՛չ, չեմ տեսել»։

  • Կիսվել: