շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որոշ նմուշներ կամ այդպես էլ չեն գտնվել, կամ կորել են նույնիսկ ֆոնդի փակ ռեժիմում. նախարարը՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կորուստների մասին

Որոշ նմուշներ կամ այդպես էլ չեն գտնվել, կամ կորել են նույնիսկ ֆոնդի փակ ռեժիմում. նախարարը՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կորուստների մասին

Այսօր Ազգային ժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հավաքածուների յուրահատկության պատճառով վերակազմավորման հետ կապված ռիսկերի մասին պատգամավորների հարցերին, ասաց, որ կառավարությունը մտադիր է կատարել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի վերակազմավորում՝ հանրային հասանելիության համար:

Նրա խոսքով՝ գրադարանային ֆոնդի վերակազմավորման թեման արդեն քաղաքական սպեկուլյացիաների առարկա է դարձել. «Սակայն ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ դրանցում պահպանվող փաստաթղթերի կամ նյութերի ցանկացած կորուստ բացառված է։ Երկար տարիներ ֆոնդը հասանելի չի եղել լայն հասարակայնության համար, եւ այժմ ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով, որը կոչված է վերաձեւավորել այդ ֆոնդը հանրային գրադարանի»։

Նախարարն ասաց, որ գրադարանը հասանելի կդառնա Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր հետազոտողներին։

Նա նշեց. «Ինչ վերաբերում է կորուստներին, ապա այստեղ ես կարող եմ արձանագրել, որ որոշ նմուշներ կամ այդպես էլ չեն գտնվել, կամ կորել են նույնիսկ ֆոնդի փակ ռեժիմում։ Վերջնական գնահատականը կտրվի հունիսին, սակայն կորուստները չի կարելի բացառել ոչ մի ֆոնդում»:

  • Կիսվել: