Կենսաբազմազանության կորուստը ազդում է նաև մարդու հիմնարար իրավունքների վրա. Աբիսողոմոնյան
Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ կենսաբազմազանության ոլորտում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։
Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության և կենսաբազմազանության պահպանության սերտ փոխկապակցվածությունը՝ նշելով, որ կենսաբազմազանության կորուստը բացասաբար է անդրադառնում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև մարդկանց կենսապայմանների, հիմնարար իրավունքների իրացման և սոցիալ-տնտեսական բարեկեցության վրա։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է միջազգային համագործակցությունը, համատեղ պատասխանատվությունն ու ներառական մոտեցումները՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում անհրաժեշտ է ապահովել տեղեկատվության հասանելիությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրության լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը։
Նախարարի տեղակալն ընդգծել է նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման գործում տարբեր շահագրգիռ կողմերի՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդների, ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև գործարար և ֆինանսական հատվածների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։



