չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նշվեց Մեծ Սեպասարի Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման 130-ամյակը

Նշվեց Մեծ Սեպասարի Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման 130-ամյակը

 Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրում հունիսի 12-ին նշվեց հայ կաթողիկէ Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման 130-ամյակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ձեռամբ Հայր Գառնիկ Ծայրագույն վարդապետ Հովսեփյանի և Մեծ Սեպասարի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Գալստյանի տոնի առթիվ մատուցվեց  Սուրբ Պատարագ, որի ընթացքում եղավ նաև մանուկների առաջին Սուրբ Հաղորդության արարողություն: Տոնին ներկա էր Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ՝  Գերպատվելի Հայր Միքայել Վրդ. Բասսալեն:

Ողջունելով ներկաներին ու մեծսեպասարցիներին՝ Հայր Գառնիկ Ծայրագույն վարդապետ Հովսեփյանը շնորհավորեց գյուղի հոգևոր տան հիմնադրման 130-ամյակի առթիվ՝ նշելով, որ, չնայած դժվարություններին, եկեղեցին ոչ միայն ավելի քան մեկ դար կանգուն է մնացել, այլ նաև զարթոնք է ապրում՝  ի շնորհիվ գյուղի հավատավոր ժողովրդի ու հոգևոր հովվի: «Մեր գյուղում դժվար թե գտնեք մեկ երեխա, ով մկրտված չէ՝ հավատը մեծ է, բաց չենք թողնում պատարագներն ու ժամերգությունները»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց գյուղի բնակիչ Պետրոս Մելիքյանը՝ պատմելով, որ գյուղի բնակիչները հաստատվել են տարածքում 1828-1831 թվականներին՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Մոլեսլման գյուղի հայ կաթողիկէ համայնքից: 1870 թվականին գյուղում նախաձեռնում են եկեղեցու շինարարությունը:

«Եկեղեցու շինարարությունը տևել է յոթ տարի, իսկ շինարարության ուշ սկսելու պատճառն Ալաշկերտ վերադառնալու ցանկությունն էր, բացի այդ, հենց եկեղեցու տարածքում մինչ այդ եղել է մատուռ, որն էլ ծառայել է որպես հոգևոր աղոթատեղի»- ասում է Պետրոս Մելիքյանը:

Եկեղեցու շինարարության նախաձեռնողը Տեր Պողոս քահանա Տեր-Վարդանյանն է եղել, ով եղել է գյուղի առաջին հոգևոր հովիվը, ով մինչ ձեռնադրվելն իր հոգևոր ուսումը ստացել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Եկեղեցին կառուցվել է գյուղացիների հանգանակություններով:

Մեծ Սեպասարը Ալեքսանդրապոլ գավառի շատ գյուղերի նման 1918-1920  ենթարկվել է թալանի ու հարձակման. 1920 հունվարի 6-ին գյուղի բնակիչները ոտքի են կանգնել ու փորձել պաշտպանել գյուղը, ինչի արդյունքում 8 գյուղացի զոհվում է, իսկ  հոգևոր հովիվը, ով այդ ժամանակ Տեր Դավիթն էր, դաժանաբար սպանվում եկեղեցու բակում, իսկ խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է նախ պահեստի, ապա՝ թանգարանի:

Կառույցը մեծ վնասներ էր կրել Սպիտակի երկրաշարժի պատճառով: Այն վերանորոգվել է  1993 թվականին Իտալիայի Կարիտասի աջակցությամբ. երկարատև դադարից հետո տեղի ունեցավ եկեղեցու վերաօծումը և վերսկսվեցին  հոգևոր արարողությունները:

  • Կիսվել: