շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը Երևանում է

Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը Երևանում է

 Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Պատապուտյանը Երևանում է։

Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
 
«Պատապուտյանը Երևանում կմասնակցի Գիտության և բիզնեսի օրերին։ Հունիսի 13-17-ը կայանալիք միջոցառմանը կմասնակցեն սփյուռքահայ այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են «Սինոփսիս Արմենիայի» նախագահ Երվանդ Զորյանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, ՀԱՀ պրոֆեսոր Արմեն Խերլոփյանը և այլք»,–ասված է հաղորդագրության մեջ։
 
Միջոցառման նպատակն է ցույց տալ գիտության և բիզնեսի կապը, թե ինչպես կարելի է գիտական նվաճումներն արդյունավետ օգտագործել բիզնեսում և գիտությունը գրավիչ դարձնել երիտասարդության շրջանում։
 
Բացման միջոցառումը կանցկացվի հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մուտքն անվճար է:
 
Հիշեցնենք, որ բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնական Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին։ Նրանք ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն արձագանքում ջերմաստիճանին ու հպումներին:
 
Նոբելյան մրցանակակիր առաջին հայը կլիմայագետ Դորկ (Տորք) Սահակյանն է։
 
Արտեմ Պատապուտյանը մոլեկուլային կենսաբան է, ծնվել է Լիբանանում, սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, 1986-ին տեղափոխվել է ԱՄՆ։
 

  • Կիսվել: