երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նիդերլանդներում ողջունել են Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը

Նիդերլանդներում ողջունել են Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը

Նոյեմբերի 24-ին Նիդերլանդների դեսպան Հենկ Կոր ֆան դեր Կվաստի և Հարավային Կորեայի դեսպան Հյոնգ-չան Չոյի աջակցությամբ Միջազգային քրեական դատարանում տեղի ունեցավ քննարկում՝ դեսպան Վիկտոր Բիյագովի և Դատարանի մասնակից պետությունների դեսպանների և այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։ 

Հայաստանի դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։ Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու մասին որոշումը պայմանավորված է համընդհանուր արժեքների, բազմակողմ քաղաքականության և արդարադատության նկատմամբ անկեղծ հավատով։

Դեսպան Վիկտոր Բիյագովը վստահեցրեց գործընկերներին անպատժելիության դեմ պայքարում ոչ մի ջանք չխնայելու Հայաստանի աներկբա հանձնառության մասին։

Գործընկերները ողջունեցին Հռոմի կանոնադրությունը վավերացնելու Հայաստանի որոշումը՝ որպես միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացմանն ուղղված կարևոր քայլ։ Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին Միջազգային քրեական դատարանի արդյունավետության բարձրացման, Հայաստանի համար կարողությունների զարգացման հնարավոր ծրագրերի և առաջիկայում կայանալիք Մասնակից պետությունների ասամբլեայի շուրջ։

  • Կիսվել: