երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է օգոստոս ամիսը

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է օգոստոս ամիսը

Օգոստոս ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները շարունակել են արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացման, գիտելիքների ձևավորման, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքը՝ ուսումնավարժանքներ, սեմինարներ և դասախոսություններ։
 
Մասնավորապես՝ հատուկ-տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Երևանի թիվ 62 մսուր-մանկապարտեզում՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով, որի նպատակն էր կատարելագործել ղեկավար կազմի և սաների գործնական ունակություններն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։
 
Հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում, «Յունիվերսալ պռոջեքտ» ՍՊԸ-ում և Ավան վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից մեկում «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:
Նմանօրինակ ուսումնավարժանքների կազմակերպումը և անցկացումը հիմնականում ուղղված է հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի և հրդեհների ժամանակ ուժերի ու միջոցների ղեկավարման հմտութունների զարգացմանը, ինչպես նաև օղակների հրամանատարների գործնական ունակությունների կատարելագործմանը, մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության բարձր աստիճանի ապահովմանը։
 
Ամսվա ընթացքում Երևանի «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում փրկարարական ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել ուժեղ երկրաշարժի և հրդեհի դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպման թեմաներով արտապլանային դասախոսություններ, որոնց նպատակն էր բարձրացնել անձնակազմի միջև փոխհամագործակցության մակարդակը, կատարելագործել հաստատությունների անձնակազմի գործնական հմտությունները:
 
Միջոցառումներին ակտիվ մասնակցություն է ունեցել մոտ 360 մասնակից:
 
Կարևորելով նմանատիպ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը և նպատակ ունենալով բարելավել աշխատակիցների գիտելիքները, արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններն ու կարողությունները` Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից ուսուցողական միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

  • Կիսվել: