կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարին

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել։ Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության կազմավորման ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների մասին՝ նախարարն ընդգծել է այդ ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցությունը, կարևորել Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որն արդեն իսկ մեկնարկել է։
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ արտակարգ և լիազոր դեսպան Վասսիլիս Մարագոսը կարևորել է իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը։ Նշելով համագործակցության մի շարք ուղղություններ՝ նա առանձնացրել է միգրացիայի և քաղաքացիության, պարեկային ծառայության, քաղպաշտպանության ոլորտները։
 
Նախարարն անվերապահորեն հաստատել է կարևորագույն նշանակություն ունեցող բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը։
 
Քննարկվել են նաև նախարարության ենթակա ծառայությունների` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման, քաղհասարակության հետ փոխգործակցության, պարեկային ծառայության կազմավորման, կանանց ներգրավվածության, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: