ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ներքին Գետաշենում ընթանում են նախորդ տարի անավարտ մնացած ճանապարհաշինական աշխատանքները

Ներքին Գետաշենում ընթանում են նախորդ տարի անավարտ մնացած ճանապարհաշինական աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ընթացքի մեջ են ՀՀ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվանից անավարտ մնացած ճանապարհաշինական աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Ռուբեն Զուլոյանը, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ներքին Գետաշենում ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում էր շուրջ 250 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել էր ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված էր ասֆալտապատել 11 փողոց՝ 4700 գծամետր երկարությամբ եւ մոտ 20 հազար քառակուսի մետր մակերեսով։ Նախորդ տարում ավարտվել են հողային աշխատանքները բոլոր փողոցներում, ասֆալտապատվել է երեք փողոց, մնացած աշխատանքները, պայմանավորված պատերազմի եւ համավարակի, ինչպես նաեւ եղանակային պայմանների հետ կապված դժվարություններով, տեղափոխվել եւ իրականացվում են 2021 թվականի ընթացքում։

«Այս տարվա ընթացքում արդեն ասֆալտապատվել է եւս չորս փողոց, մնացած չորս փողոցներում եւս ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք ավարտի կհասցվեն մոտակա 20-30 օրերի ընթացքում։ Այս տարի եւս սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսում ենք ասֆալտապատել 5 փողոց՝ շուրջ 2200 գծամետր երկարությամբ եւ 10 հազար քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 140 միլիոն դրամ»,- ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը։

  • Կիսվել: