ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավարը Հայաստանում է

ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավարը Հայաստանում է

Հոկտեմբերի 4-6-ը աշխատանքային այցով Երևանում է գտնվում ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավար Բուրի Կարիմովը՝ հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ից:

Հայաստանը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի հիմնադիր անդամ է։ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նպատակն է նպաստել ընդհանուր օգտագործման ավտոճանապարհային ցանցի զարգացմանն ու կատարելագործմանը, աջակցել ԱՊՀ անդամ երկրների ճանապարհաշինության ոլորտի կազմակերպություններին, կադրերի պատրաստմանը։ Կազմակերպությունն աջակցում է նաև ԱՊՀ երկրների կառավարություններին ճանապարհային քաղաքականության մշակման հարցերում։

ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավար Բուրի Կարիմովը Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ՝ քննարկելով ճանապարհաշինության ոլորտին առնչվող բազմավեկտոր հարցեր։

Բուրի Կարիմովը, բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստան է ժամանել փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի հրավերով, որպեսզի իրականացնի խորհրդատվություն, գործուն աջակցություն ցուցաբերի ճանապարհաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների, աշխատանքային նոր մեթոդների ներդրման գործում։

Բուրի Կարիմովը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մի շարք ավտոճանապարհներ, որտեղ կատարվել են նորոգման և անվտանգության բարելավման աշխատանքներ։

ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավարը այցելությունների ընթացքում, դիտարկելով իրականացված աշխատանքները, իր նկատառումներն ու խորհուրդներն է ներկայացրել ճանապարհաշինարարներին, տեխհսկողություն կատարող կազմակերպությունների ներկայացուցիչներին։

  • Կիսվել: