երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Նարեկ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը մերժվել է

Նարեկ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը մերժվել է

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ 

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ Քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, 2018 թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նա Հայաստանին արտահանձնվեց հայտնաբերվելուց մեկ տարի անց՝ 2019 թ. դեկտեմբերի 21-ին, և քննիչը դեկտեմբերի 23-ին միջնորդություն ներկայացրեց դատարան՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը դատարանը դեկտեմբերի 24-ի որոշմամբ բավարարեց։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: