հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նարեկ Սարգսյան-Գոնսալեսը առողջական խնդիրներ ունի․ հորը թույլ չեն տալիս տեսակցել նրան․ փաստաբան (տեսանյութ). Factor.am

Նարեկ Սարգսյան-Գոնսալեսը առողջական խնդիրներ ունի․ հորը թույլ չեն տալիս տեսակցել նրան․ փաստաբան (տեսանյութ). Factor.am

Օրերս ևս երկու ամսով երկարացվել է տևական ժամանակ հետախուզված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանքի ժամկետը, գրում է factor.am-ը:

«Կալանքի երկարացման դատարանի որոշումն ենք ստացել, պատրաստվում ենք վերաքննիչ կարգով բողոքարկել»,- մեզ հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Արթուր Պիվազյանը: Նարեկ Սարգսյանը արտահանձնվելուց հետո պահվում է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում, խցում մենակ է, թե՝ ոչ, փաստաբանը չասաց, միայն նշեց, որ նա ունի առողջական խնդիրներ:

«Առողջական խնդիրներ ունի, դեղորայք է մշտապես ընդունում, սպասում ենք իրավիճակը մեղմանա, ռեժիմը մի փոքր թուլանա, միգուցե նաև հետազոտություններ անցնի»,- ասաց Պիվազյանը։ Թե ինչ հիվանդությունների մասին է խոսքը՝ պաշտպանը չմանրամասնեց։ Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։

Նա 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019-ին դեկտեմբերին նա արդեն արտահանձնվեց Հայաստանին։

Նարեկ Սարգսյանի տեսակցությունների արգելանքը որոշակի մասով հանվել է, նրան տեսակցելու հնարավորություն ունի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը, որը մեկ այլ քրեական գործով մեղադրվում է սպանության փորձի համար։ Իսկ հորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, չեն թույլատրում տեսակցել Նարեկ Սարգսյանին։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը ևս անցնում է քրեական գործով։ նա մեղադրվում է Սարյանի գծանկարների գործով առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: