շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանը և «Հայկական Կարիտաս» ՀԿ գործադիր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը

Նարեկ Մկրտչյանը և «Հայկական Կարիտաս» ՀԿ գործադիր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը

Գյումրի այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի և կազմակերպության աշխատակիցների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու արդյունքները, նախանշվել հետագա համագործակցության տարբերակները։ Կողմերն անդրադարձել են նաև պետական դրամաշնորհների տրամադրմանը, ծառայությունների մատուցման նվազագույն չափորոշիչների հաստատմանն ու մշտադիտարկման գործընթացին առնչվող մի շարք հարցերի։

Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է նաև դրամաշնորհների միջոցով հասարակական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դերը։ Նախարարը շեշտել է, որ սա ևս հնարավորություն է անհրաժեշտ ջանքերի համատեղման միջոցով հասնել առավելագույն արդյունքի։

Գագիկ Տարասյանը մանրամասնել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության կողմից 7 ուղղություններով, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության, տարեցների խնամքի, հաշմանդամություն ունեցող անձանց ներառման, համայնքային զարգացման ուղղություններով իրականացվող ծրագրերը։

 

  • Կիսվել: