շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախարարը մենակ աղամաններից է հասկանում. ակցիա` Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում

Նախարարը մենակ աղամաններից է հասկանում. ակցիա` Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում պոլիկլինիկայի դիմաց, նմրանք անժամկետ գործադուլ են հայտարարել՝ իրենց բողոքը հայտնելով քաղաքապետարանի որոշման դեմ, որով պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանն ազատվել է տնօրենի պաշտոնից:

Ակցիային միացել էին նաեւ պոլիկլինիկայի այցելուները, որոնք նշում էին, որ շատ գոհ են պոլիկլինիկայի ողջ անձնակազմից էլ, տնօրենից էլ. «Ես հիսուն տարի է՝ օգտվում եմ պոլիկլինիկայի ծառայություններից։ Նման անձնակազմ չեմ տեսել որևէ տեղ։ Բնակչի հոգսերով ապրող մարդիկ են: Իրենց անձնական գրպանները լցնելու, պարգեւավճարներ ստանալու համար են այսպես անում: Իրենք հարցրե՞լ են բնակիչների, կոլեկտիվի կարծիքը, բողոք ունե՞ն, որ ազատում են: Առողջապահության նախարարը, որ բժշկական կրթություն չունի, ինքը մենակ աղամաններից է հասկանում»,-լրագրողներին ասաց Աիդա Այվազյանը, որը բողոքի ակցիայի պատճառով չէր կարողացել բուժզննումներն ավարտին հասցնել։

Պոլիկլինիկայի մեկ այլ այցելու էլ՝ Սոֆա Գասպարյանը, նշեց.

«Ո՞նց կարելի է  խելացի, հմուտ բժշկին գործից հանել: Ես միշտ սպասարկվել եմ այս պոլիկլինիկայից եւ միշտ գոհ եմ եղել, Աննա Սիսոյանը շատ լավ, խելացի եւ մարդկային վերաբերմունքով բժիշկ է, Հիպոկրատի երդումին արժանի բժիշկ: Ոչ բոլոր բժիշկներն են այդպես խելացի: Շենք, որ մտնեք, կտեսնեք, տնօրենի հոգատար ձեռքը։ Հիմա ի՞նչ պատճառով են տնօրինին ազատում, ես չգիտեմ, ո՞րն է խնդիրը»:

  • Կիսվել: