կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Նախապատրաստվում ենք լողասեզոնի բացմանը․ ՆԳՆ-ն հորդորում է հետևել անվտանգության կանոններին

Նախապատրաստվում ենք լողասեզոնի բացմանը․ ՆԳՆ-ն հորդորում է հետևել անվտանգության կանոններին

Հունիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը՝ հուլիսի 1-ին լողասեզոնի բացմանն ընդառաջ, շրջայց է իրականացրել Սևանա լճի 1-ին, 2-րդ և 3-րդ հանրային, ինչպես նաև Շողակաթ բնակավայրի հարակից լողափերում՝ տեղում ծանոթանալու ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներին:

 
 

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը, մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի և փրկարարական ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությամբ՝ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալին ներկայացրել է ջոկատների տեխնիկական հագեցվածությունը և անձնակազմի աշխատանքային պայմանները: Այնուհետև գործարկվել են հետախուզող և իրազեկող անօդաչու թռչող սարքավորումներն ու փրկարարական մոտորանավակները։

 

դգվդֆգ

Մեկ շարժական վագոն-տնակ կահավորվել և տեղափոխվել է Շողակաթ բնակավայր, որի հարակից մարդաշատ լողափերում նույնպես կիրականացվի հերթապահություն:

Շրջայցի ընթացքում շահագրգիռ կողմերի (ՄՓՎ, մարզպետարան, «Սևան ազգային պարկ», հանրային լողափերի շահագործող) մասնակցությամբ քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր և կարևորվել ներկայիս բարձր մակարդակի փոխհամագործակցությունը։

 

 

դգբդդ

Փ/ծ գնդապետ Ե․Կարապետյանը փրկարարական ստորաբաժանումներին ցուցումներ է տվել նախապատրաստական աշխատանքները շարունակելու, հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու, Սևանա լճի հանրային լողափերում ջրափրկարարական ուժեղացված ծառայության անցնելու, գույք-տեխնիկայով, համապատասխան միջոցներով հագեցած նոր փրկարարական հենակետեր ծավալելու և մի շարք այլ հարցերի առնչությամբ:

Ջրափրկարարները հանրային լողափերում մոտորանավակներով պարբերաբար իրականացնելու են շրջայցեր՝ մարդկանց անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։

Միաժամանակ հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով բարձրախոսներով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվելու են քաղաքացիների իրազեկան աշխատանքներ՝ վարքականոնների վերաբերյալ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հետևել անվտանգության կանոնների պահպանմանը՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։

  • Կիսվել: