շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մոսկվայում քննարկել են Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և արդիականացման ծրագիրը

Մոսկվայում քննարկել են Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և արդիականացման ծրագիրը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։

Մոսկվայում Բաբկեն Սեդրակյանը հանդիպել է խոշորագույն շինարարական ընկերության «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի հետ։

«Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն կարևորել է «Մոսմետրոստրոյ» ընկերության դերը Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և արդիականացման ծրագրի հարցում, ինչպես նաև առկա խնդիրները համատեղ ջանքերով լուծելու առումով»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանի մետրոպոլիտենի զարգացմանը, վերակառուցմանը և արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որից հետո մասնակիցները շրջայց են կատարել «Մոսմետրոստրոյ» ընկերությունում։

Հիշեցնենք` 2022թ-ի հոկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024թ-ին։ Իսկ մինչ այդ ընթանում են նախագծման աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 845 մլն դրամ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը նշված ընկերությանը հանձնելու արարողությունը: Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել:

Նշենք նաև որ վերջերս Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ շուտով մետրոյի ևս մեկ միջանկյալ կայարան կկառուցվի «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ։

  • Կիսվել: